top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Այս ռեգիոնում մենք կա՛մ թուրքերի հետ պետք է լինենք, կա՛մ ռուսների». Հրանտ Բագրատյան

Սա պարտություն չէ, սա ջախջախում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով արցախյան պատերազմի ընթացքն ու ավարտը, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա տեղեկություններով`հայկական բանակի տեխնիկայի 85 տոկոսը ջարդված է։

Խոսելով ՀՀ իշխանությունների ստրատեգիական սխալների մասին` Բագրատյանը շեշտեց Արցախի անկախությունը չճանաչելու փաստը` հիշեցնելով, որ որպես ԱԺ պատգամավոր ինքը տարիներ առաջ այդ հարցը բարձրացրել էր, բայց մերժվել։

Հաջորդ սխալն, ըստ նրա, արտաքին քաղաքականությունն էր։

«20 տարի առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, ԱՄՆ–ն ու Ռուսաստանն իրար մոտ էին։ Բայց վերջին տարիներին, հատկապես 2014թ–ից հետո, դժբախտաբար, պրոբլեմներ առաջացան։ Հիմա ԱՄՆ–ն և Ռուսաստանը տարբեր բևեռներում են։ Երբ մենք այս վիճակին են անդրադառնում, չենք կարող ասել` կոմպլեմենտար քաղաքականություն ենք վարում։ Չկա տենց բան։ Մենք պետք է մնանք պրոռուսական ծիրում, ինչքան էլ սիրենք կամ չսիրենք։ Քանի որ աշխարհում դեգլոբալիզացիա է ընթանում, այս ռեգիոնում մենք կա՛մ թուրքերի հետ պետք է լինենք, կա՛մ ռուսների»,– ասաց Բագրատյանը։

Նախկին վարչապետը ստրատեգիական սխալ որակեց նաև «Իրանին նեղացնելը»։ «Այնպես, ինչպես մենք ենք Իրանին նեղացրել, ոչ ոք չի նեղացրել։ Այն աստիճան, որ Իրանը չէր ուզում թույլ տալ, որ պատերազմի ընթացքում իր տարածքով բեռներ տեղափոխեինք»,– ասաց Բագրատյանը` նեղացած երկրների շարքում հիշատակելով նաև Վրաստանը։

Իսկ Չինաստանին, նրա բնորոշմամբ, Հայաստանը` Տիգրան Ավինյանի մակարդակով ուղղակի ապտակել է` միանալով Չինաստանի դեմ ույղուրների պրոթուրքական դաշինքին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:





0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page