Այս մարդիկ հայ ժողովրդի կյանքում, առավել ևս խորհրդարանում տեղ չունեն

«Սա այդ հանդիպումներից հերթականն էր, որտեղ քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, շարժման անելիքները, առաջիկայում պլանավորել ենք մեր աշխատանքները։ Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել»,- այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է վարչապետի թեկնածուին փոխելու հարցը, Սաղաթելյանն ասաց՝ ոչ. «Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը մեկ շաբաթ առաջ նիստ է հրավիրել, հանդես է եկել հայտարարությամբ, հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը»։
Հարցին՝ արդյոք շարժման մարզային այցելությունները շարունակվելո՞ւ են, Սաղաթելյանն ասաց. «Մարզային այցելությունները, անհնազանդության բողոքի ակցիաները, երթերը, ցույցերն ամբողջ ծավալով Հայրենիքի փրկության շարժումը ծավալելու է իր գործունեությունը»։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բելոյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Այսօրվա այս դավաճան իշխանությունը, որի գործունեության արդյունքում կորցրել ենք մեր հայրենիքի 75 տոկոսը, տվել ենք այսքան զոհեր, գերիներ, անհետ կորածներ, երկիրը հասցրել են անդունդի եզրին, հիմա իրենց դավաճանություն արդարացնելու համար, փորձում են մեր հասարակությանը համոզել, որ այն, ինչ կորցրել ենք, դա թուրքերինն էր։ Փորձում են մեր հասարակությանը տրամադրել՝ ինչ կորցրել, կորցրել ենք, անցած լինի, եկեք թուրքերի հետ համերաշխ ապրենք։ Էս մարդիկ հայ ժողովրդի կյանքում, առավել եւս խորհրդարանում տեղ չունեն, րոպե առաջ պետք է հեռանան»։




Comments