Այն վիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, մեզ համար բարենպաստ չէ նման դեմարկացիայի համար. Քոչարյան

Այդ սահմանը կարող է շատ տեղերում ճշտման կարիք ունենալ, գործընթացը երկար է։ Այս մասին նախօրեին՝ մայիսի 27-ին, Կոտայքի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը: «Մենք Վրաստանի հետ տարիներով դեմարկացիայով էինք զբաղվում։ Բավականին պրոբլեմային գործընթաց է․ ամեն մի մետր հողի համար բանակցություններ են գնում։ Սովորաբար մի հատվածը սահմանի շատ արագ է դեմարկացիայի ենթարկվում, բայց վիճելի ինչ-որ կտորներ են լինում, որոնց շուրջ երկար բանակացություններ են ընթանում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ այն վիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, մեզ համար բարենպաստ չէ նման դեմարկացիայի համար։
«Մենք թուլացած վիճակում ենք, և նրանք հնարավորություն ունեն մեզ վրա ճնշում գործադրելու։ Եթե նույնիսկ գործընթաց ես սկում, այդ գործընթացը չպետք է ավարտես այնքան ժամանակ մինչև ոտքի չկանգնես և լիարժեք բանակցող կողմ չհանդիսանաս։ Այսօր մենք լիարժեք բանակցող կողմ չենք, այսօր մենք մի կողմ ենք, որն ամբողջ հույսը դրել է Ռուսաստանի վրա։ Եվ ով ինչ խոսում է միանգամից պասը գցում են դեպի Ռուսաստան։ Սա էլ մի ուրիշ վտանգավոր բան ունի՝ եթե հարցը չի լուծվում, վերջում ինքնագիտակցության մեջ ասում է ուրեմն Ռուսաստանը չի ուզում։ Սկսում է դավադրության տեսություն աշխատել, բայց մեղքը քո մեջ է։ Ուրիշի գրպանը գցելն այս իշխանության վարպետությունն է»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։




Comments