top of page

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ Բայդենի վարչակազմին կոչ է անում սատարել Հայաստանին և Արցախին

Feb 21, 2021
1 min read

ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ, ամերիկյան առավելի քան քսան նահանգներից, երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը, տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։


Երկկուսակցական նամակին մեծ թվով կոնգրեսականների միացման համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծ աշխատանք է իրականացրել` համախմբելով համայնքային ռեսուրսը։


Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝ կառավարության հետ հարաբերությունների պատասխանատու Թերեզա Երեմյանը նկատում է․ «Բայդենի վարչակազմին Կոնգրեսի հայկական խմբի կողմից ուղղված նամակում կոնգրեսականների պատկառելի մասնակցությունը էականորեն ամրապնդում է օրենսդիրների շրջանում երկկուսակցական աջակցությունը Արցախին։ Մենք աշխատելու ենք խմբի ղեկավարության և մեր օրենսդիր ընկերների հետ՝ այս հայանպաստ և խաղաղասիրական առաջնահերթությունները գործողությունների վերածելու համար»։


ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։ Կոնգրեսականներն առաջարկում են ԱՄՆ-ի կողմից շտապ գործողություններ՝ հետևյալ առաջնահերթություններով․


· ԱՄՆ արտակարգ օգնություն, որն Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իրենց համայնքները և վերակազմակերպել իրենց կյանքը՝ առանց հետագա արյունահեղությունից վախի,


· ԱՄՆ-ի վերաներգրավումը տարածաշրջանային կայուն կարգավորման որոնման մեջ, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա՝ պաշտպանելով Արցախի անվտանգությունը և բացառելով նոր պատերազմի բռնկումը,


· Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության կարգավորման գործում նրա՝ որպես օրինական բանակցողի ճանաչում,


· ԱՄՆ ղեկավարության կողմից հայ գերիների ազատ արձակման ապահովում,


· Ամերիկյան հաշվետվողականություն, ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Բաքվին ԱՄՆ օգնության կասեցում և 907-րդ բանաձևի պահանջների կատարում,


· ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայից տեղահանված հայերին օգնություն ցուցաբերում,


· Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։



ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական նամակի բնագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

 
 
 

Comments


bottom of page