Ամենադաժան պայմանները եղել են գերեվարման ժամանակ ու դրանից անմիջապես հետո. ՄԻՊ

Ըստ փաստերի, հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանցի այն զինծառայողները, հատուկ ծառայությունների ծառայողները, բանտի աշխատողները, որոնք նույնիսկ փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների խախտումներին, Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին նվիրված զեկույցի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Իհարկե, ամենադաժան վերաբերմունքը, պայմանները եղել են գերեվարման ժամանակ ու դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից»,-ասաց Թաթոյանը: Նա ընդգծեց՝ խոշտանգումները, նվաստացումները եւ անմարդակին վերաբերմունքը եղել են լայնածավալ՝ ծաղրելով էթնիկ պատկանելիությունը, նաեւ կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով:
«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր եւ սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ, եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին եւ ստիպել են ուտել գետնից, հետո գերուն պահելով սոված վիճակում, այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։ Եղել են դեպքեր, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու համար, դրանից հետո, անկախ նրանից՝ հասցրել է ուտել, թե ոչ, վերցրել ու գցել են աղբամանի մեջ։ Թքել են սննդի մեջ եւ ստիպել են ուտել այն»,-օրինակներ ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա ասաց, որ շատ դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ. «Ստիպել են ուղղակի տանել ցավը եւ հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա մատը դնելով, խփելով, որ էլ ավելի մեծ ցավ պատճառվի։ Ստիպել են հատուկ, որ մարդիկ բժշկական օգնություն կամ սնունդ աղաչեն, դրանից հետո միայն տրամադրեմ»: Արման Թաթոյանը ներկայացրեց ադրբեջանական դաժանության այլ օրինակներ եւս. «Ձմռանը գերուն ստիպել են քնել գետնին՝ ձեռքերը կապած վիճակում: Եղել են դեպքեր նաեւ, երբ բացել են պատուհանը, որպեսզի էլ ավելի ցուրտ լինի՝ նույնիսկ մերկ վիճակում, հատուկ սառը ջուր են շփել գերու վրա ավելի ուժեղ տառապանք պատճառելու համար: Հաճախ մարդկանց շղթայված են պահել, հատուկ ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչ մարտկոցներին, զրկել են սննդից, ենթարկել բռնության: Եղել են դեպքեր, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ՝ քաղաքացիական անձանց ներգրավվելով։ Օրինակ, հիվանդանոցներում անցնող-դարձողները՝ պացիենտներ, բժշկական հաստատության աշխատողները, թքել են ռազմագերու վրա, ծեծել, բռնություն են գործադրել, եւ այդ ամենն արվել է հատուկ ծառայության աշխատակցի ներկայությամբ։ Նույնիսկ հանրային առումով չի եղել դատապարտում, այլ խրախուսում: Եղել են դեպքեր, երբ բժիշկներն են բռնություն գործադրել: Մարդու վրա եռացող ջուր կամ թեյ են լցրել, այրվածքներ են առաջացել, դրանից հետո ծեծի է ենթարկվել, 21 օր չի կարողացել քայլել, 21 օր անց նոր բժշկական օգնություն է ստացել: 20-ամյա ռազմագերիներից մեկին ստիպել են հագնել կանացի հագուստ, ծաղրել են, ենթարկել են նվաստացման, հետո այդ ամենը ձայնագրել են, ստիպել են ադրբեջանական բառեր ասել, գովել ադրբեջանական իշխանություններին»։




Comments