Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Այսօր երեկոյան աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկեցինք հաջորդ շաբաթվանից համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը: Մասնավորապես՝ պատշաճ նախապատրաստվելու համար, մանկապարտեզների աշխատանքները կվերսկսենք մայիսի 20-ից: Ամեն օր պարտադիր կախտահանվեն մանկապարտեզների տարածքները՝ ընդհանուր շուրջ 305 հազար քմ: Անվտանգության կանոնները ապահովելու նպատակով քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների համար ձեռք կբերի ամսական 160 000 դիմակ, 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման: Հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ, Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով: Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։ Իմ խնդրանքն ու հորդորն է մեր քաղաքացիներին՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չի լինի, բացառությամբ ջերմող երեխաների: Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն»:
Comments