Ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես՝
Տեղաշարժի իրավունքի մասով՝
. Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն՝ տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի,
. Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը,
. Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները: Այս մոտեցումը պահպանվում է: Փոխարենը, վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը,
Տնտեսական սահմանափակումների մասով արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝
. Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,
. Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,
. Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները,
. Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում,
. Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ,
. Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը,
. Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար:
. Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները:
Կանոններ
Զուգահեռաբար բոլոր թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Առավել մանրամասն՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf:
Սիրելի՛ հայրենակիցներ, սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել։ Ընդգծեմ նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։
Առողջություն ու զգոնություն բոլորիս»:




Comments