ԱՀԿ խորհուրդներն ու ուղեցույցները դպրոցների վերաբացման վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարի նախկին խոսնակ Անժելա Կժդրյանը, որն այժմ աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի որ ինձ շատ են հարցնում, թե որոնք են դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ խորհուրդներն ու ուղեցույցները, ստորև մի քանի համառոտ կետով ներկայացնեմ․
▪️ Վարքագծային նորմեր
Պետք է հաշվի առնել աշակերտների տարիքն ու կարողությունը՝ կիրառվող միջոցները հասկանալու և պահպանելու համար: Փոքր տարիքի երեխաների համար կարող է ավելի դժվար լինել պահպանել ֆիզիկական հեռավորություն կամ դիմակը պատշաճ օգտագործել:
▪️ Հիգիենա և առօրյա գործողություններ
Հարկավոր է պահպանել ձեռքերի հիգիենայի և շրջակա միջավայրը մաքուր պահելու միջոցառումները՝ հիվանդության հետ անմիջական շփումը սահմանափակելու նպատակով: Դպրոցներում պետք է կազմակերպվեն անձնակազմի և աշակերտների վերապատրաստման դասընթացներ, պետք է հետևել ամենօրյա մաքրության ժամանակացույցին, ձեռքերի հիգիենայի միջոցների առկայությանը և դիմակների օգտագործման վերաբերյալ պետական ուղեցույցին։ Դպրոցները պետք է պարտադրեն «հիվանդ լինելու դեպքում տանը մնալու» քաղաքականությունը։
▪️ Ֆիզիկական հեռավորություն
Մարդկանց միջև առնվազն 1 մետր ֆիզիկական հեռավորությունը անհրաժեշտ է պահպանել դպրոցի տարածքում և դասասենյակներում: Սա ներառում է գրասեղանների միջև տարածությունների ընդարձակում, ընդմիջումների, դասամիջոցների և նախաճաշի ընդմիջումների երկարաձգում՝ սահմանափակելով դասարանների ու տարիքային խմբերի միավորումը, նախատեսելով փոքրաթիվ աշակերտներից բաղկացած դասարաներ կամ այլընտրանքային հաճախելիության ժամանակացույցեր, ինչպես նաև դասասենյակների օդափոխություն:
▪️Հեռավար ուսուցում
Առցանց և հեռավար ուսուցման տարբերակները, ինչպիսիք են առաջադրանքների և դասերի հեռարձակումը ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ինչպես նաև հետագա հաճախակի օժանդակությունը պետք է հարմարեցվեն իրավիճակին»:




Comments