top of page

ԱՀԿ եվրոպական բյուրոն հայտնել է պանդեմիայի ընթացքում գենդերային անհավասարության խորացման մասին

Mar 4, 2021
1 min read

Պանդեմիայի ընթացքում գենդերային անհավասարությունը խորացել է: Այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Երբ պանդեմիան սկսվեց, այս տարածաշրջանում ոչ մի երկիր չհասավ գենդերային անհավասարության: Կորոնավիրուսը խորացրեց գենդերային անհավասարությունը»,-նշել է նա: Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ պատասխանատու են կարանտինում գտնվող երեխաների ուսման համար: Երեխաների խնամքով առաջին հերթին զբաղվում են կանայք, ինչը սահմանափակում է վճարվող աշխատանք կատարելու նրանց հնարավորությունները: Եվ նախկինի պես կանայք պատասխանատվություն են կրում տնային պարտականությունների եւ երեխաների ու տարեցների խնամքի համար՝ նշել է տարածաշրջանային բյուրոյի տնօրենը: Նրա խոսքով՝ աշխարհի բուժհաստատություններում առողջապահության աշխատակիցների 10-ից 7-ը կանայք են, իսկ եվրոպական տարածաշրջանում՝ 84 տոկոս բուժքույրեր եւ 53 տոկոս բժիշկներ: Կլյուգեն նաեւ նշել է, որ 5 շաբաթ առաջ կորոնավիրուսով վարակված 1,3 մլն բուժաշխատողներից 68 տոկոսը կազմել են կանայք: Նա հիշեցրել է, որ առողջապահական ոլորտում կանայք զբաղեցնում են ավելի ցածր եւ քիչ վարձատրվող պաշտոններ. նրանց մոտ 25 տոկոսը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում: Նա կոչ է արել կանանց ավելի ակտիվ մասնակցել կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ազգային, տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում:

 
 
 

Comments


bottom of page