ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է ինտեգրացիոն գործընթացը. Թաթուլ Մանասերյան

Չնայած պանդեմիայի բացասական հետևանքներին՝ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացն ակտիվանում է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով իր հետազոտությունը՝ «ՀՀ տնտեսությունը 2020-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում»:
Ըստ նրա` առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ արտաքին առևտրային ծավալները ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով կրճատվել են: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես՝ ՌԴ, հայկական արտադրանքի արտահանման ծավալները շարունակում են աճել:
Ընդ որում, Միության անդամ երկրների պետական վերահսկող և կարգավորող մարմինները սկսել են արդյունավետորեն համագործակցել շատ բացասական երևույթների և տնտեսական անվտանգության սպառնալիքների դեմ:
Բացառություն չէ նաև կորոնավիրուսի դեմ ԵԱՏՄ երկրների համատեղ պայքարը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն սկսում է իրականացնել նորարարական-ներդրումային ծրագրեր տիեզերական, արդյունաբերական և ագրոարդյունաբերական ոլորտներում:
Մանասերյանը ներկայացրեց առկա խնդիրները:
Մասնավորապես, փորձագետն անդրադարձավ Միության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների չկատարման խնդիրները: Նա նշեց, որ ԵԱՏՄ տարբեր հանդիպումների ժամանակ քննարկվում են բարիերները վերացնելու հնարավորությունները, ինչն արդեն հանգեցնում է զգալի արդյունքների:
«Օրինակ, Հայաստանը պետք է վերացներ 2 բարիեր և հասցրել է դա անել սահմանված ժամկետում: Մեկ որոշումն արդեն ուժի մեջ է մտել, մյուսը՝ ընդունվել է և ուժի մեջ կմտնի 3 ամսվա ընթացքում: Ռուսաստանը վերացրել է 3-ից երկու բարիերները: Դեռևս կա մոտ 10 բարիեր, որոնցից 8-ը փաստացի վերացվել են»,-հայտարարել է նա:




Comments