top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն


Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին․

«Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից:

Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական երկրների հասարակություններում: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ:

Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին:

Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ:

Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»:



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page