Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում նշվել է Վարդավառի տոնը

Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կազմակերպվել էր Վարդավառի տոնի առթիվ միջոցառում: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաեւ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, նշելով, որ Վարդավառը տոնվում է Հայաստանի շրջաններում, Արցախում եւ Սփյուռքի հայկական գաղթօջախներում, տեղեկացրել է, որ այս անգամ տոնին համադրվել է հայկական մշակույթի մեկ այլ բաղադրիչ՝ գորգը: Պատգամավորի խոսքով՝ միջոցառման նպատակներից է հանրայնացնել հայկական գորգը, որը մեր կենդանի մշակույթն է: Հայերը գորգագործությամբ զբաղվել են դարեր առաջ, եւ այն շարունակում է մնալ որպես կենցաղի և մշակութային ժառանգության անբաժան մասնիկ: Ըստ պատգամավորի՝ միջոցառումն ունի նաեւ խորհուրդ, այն է՝ օրակարգային դարձնել Հայաստանում հայկական գորգի ժամանակակից, ինտերակտիվ, տարբեր բաժիններ ներառող թանգարան ունենալու հարցը: «Մենք ունենք հարուստ մշակույթ, ցավոք աշխարհին բավականաչափ չենք ծանոթացրել մեր մշակույթի հետ եւ անհրաժեշտ չափով չենք հանրայնացրել այն, որը շատ կարեւոր է»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը: Միջոցառման մասնակիցները Բաղրամյան պողոտայում նախ գորգեր են լվացել, ապա իրար վրա ջուր ցողելով՝ նշել Վարդավառը: Օրվա ընթացքում Ազգային ժողովի այգում ցուցադրվել են «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած ձեռագործ գորգեր: Անցկացվել են վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, մրցանակներ են հանձնվել «Քվեսթ» խաղի հաղթողներին: Միջոցառումը եզրափակվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով:




Comments