top of page

Ադրբեջանի պատգամավորները ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ. ՄԻՊ

Apr 5, 2021
1 min read

Ադրբեջանական պատգամավորներ ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ: Այս մասին Anews.am-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ից: «Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը անգրագետ և չափից դուրս լկտի սուբյեկտ է», - նշել է ադրբեջանական Միլլի Մեջլիսի պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով Պաշտպանի հայտարարություններին: «Ժամանակ առ ժամանակ ընկնելով լիակատար հիստերիայի մեջ, նա առաջ է քաշում պահանջներ, որոնց մասին նորմալ մարդը նույնիսկ չէր էլ մտածի։ (․․․․) Այս ամենը վկայում է մանիակալ շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ ունեցող մարդու անհամարժեք պահվածքի մասին»,- նշել է ադրբեջանական այլ գործիչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին։ Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ «Ա.Թաթոյանը օրեր շարունակ չափազանցնում է ռազմագերիների թեման՝ նյարդայնացնելով օտարերկրյա գործընկերներին, խորհրդարանականներին և լրատվամիջոցներին»: Ադրբեջանական գործիչները մանրամասն «վերլուծել» են Արման Թաթոյանի կենսագրությունը, ԱՄՆ-ում ստացած կրթությունն ու աշխատանքային կենսագրությունը և ակնհայտ աղավաղելով ամեն ինչ՝ արել վիրավորական բնույթի, իրենց ձեռնտու եզրահանգումներ: «Վատ չէր լինի՝ հայկական իշխանությունները ուշադրություն դարձնեին նրա (…) հայտարարություններին, որոնք հակասում են եռակողմ պայմանավորվածություններին», - շարունակաբար նշում են ադրբեջանական գործիչներն ու մամուլը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է, որ անկախ վիրավորանքի ու ատելության նշված արշավներից՝ շարունակելու է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող բոլոր հարցերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստագրել է Պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Արման Թաթոյանին ադրբեջանական քաղաքական ու այլ գործիչների կողմից, մամուլում հասցվող վիրավորանքի ու ատելության հրապարակումների հերթական ալիքը՝ դրանք միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:

 
 
 

Comments


bottom of page