top of page

Ադրբեջանի համար այդ ճանապարհն իրականում ոչինչ է, բայց ունի մի կարևոր նշանակություն. Գեղամ Նազարյան

Nov 11, 2021
2 min read

«Հիմա եթե Գուգլին խնդրենք, որ հուշի, թե ինչպես Երեւանից պետք է հասնել Ճակատեն, ինքը ցույց է տալիս, որ դուք պետք է հասնեք 8 ժամ 42 րոպեով՝ կտրելով 451 կմ ճանապարհ, անցնելով ամբողջ Սյունիքը, հասնելով Քաջարան, այնտեղից Ագարակ, Մեղրի եւ նոր միայն հասնել Ճակատեն: Ադրբեջանը աշխատում է միջազգային կառույցների, նաեւ Գուգլի հետ»,- այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման հարցով հրատապ քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։


Գեղամ Նազարյան ընդգծեց՝ Գորիս-Կապան ճանապարհի որևէ հատված անգամ խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում չէ, հակառակ դեպքում` այդպես չէր կառուցվի, ճանապարհը հատուկ կառուցվել է այնպես, որ լինի ՀՀ տարածքում:


«Եթե նույնիսկ Գորիս-Կապան ճանապարհի «իքս» կիլոմետրը Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան սահմանով ադրբեջանական հանրապետության տարածքում է, ապա միջնորդներով և նույնիսկ առանց միջնորդների հնարավոր էր այդ ճանապարհը ամբողջապես պահել մեր հսկողության տակ։ Սա ուղղակի բացթողում չէ, շատ ավելի խորը խնդիր է, մեծ է դավաճանությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ճանապարհը որևէ ադրբեջանական գյուղ այլ ադրբեջանական գյուղի չի կապում։


«Այդ ճանապարհն իրենց որևէ կերպ պետք չէ։ Ադրբեջանի համար այդ ճանապարհն իրականում ոչինչ է, բայց ունի մի կարևոր նշանակություն՝ այդ ճանապարհով Իրանը կապվում է Հայաստանին, Վրաստանին, Ռուսաստանին»,-ընդգծեց Նազարյանը:


Նա նշեց՝ այդ ճանապարհը մենք անկասկած հետ ենք բերելու, որովհետև միջազգային բոլոր նորմերով այնտեղ ադրբեջանցիների գտնվելը հակաօրինական է. «Միջազգային որևէ կառույց մեզ չի կարող այս հարցում մենակ թողնել, եթե հարկե մի գլխավոր խնդիր լուծվի՝ այստեղ հաստատվեն Հայաստանի և հայ ժողովրդի շահն սպասարկող իշխանություններ»,-հայտարարեց Նազարյանը։


Վերջինիս խոսքով՝ այլընտրանքային ճանապարհն էլ, անվտանգությունից ելնելով, պետք է փակվի ձմռանը, որովհետև ուղղորդել այդ ճանապարհով ձմռանը երթևեկել՝ ուղղորդել է դեպի մահ։


Նազարյանը հայտարարեց նաև, որ Ադրբեջանն անգամ Google-ի հետ է աշխատում, և դրա քատեզների համաձայն՝ օրինակ՝ Ճակատեն հասնելու համար պետք է շրջանցել Գորիս-Կապան ավտոճանապարհը։


«Մեր կողմից որևէ մեկն այդ հարցը չի լուծում, որովհետև այս երկրի վարչախումբը իր առաջնորդով հետապնդում է մի նպատակ՝ սպասարկել ադրբեջանական պետության շահերը»,-նշեց նա։

 
 
 

Comments


bottom of page