Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
«Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը»,–հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարևորությունը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
Հուլիսյան մարտական գործողությունների օրերին Ռուսաստանում կայացել էր Լավրովի հետ աշխատանքային ճաշ, որին մասնակցել էին Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները։




Comments