Մարդիկ պետք է ճանաչեն երկիրը․Նախագահը հանդիպել է զբոսաշրջության ընկերությունների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:
Նշելով, որ սա իր երկրորդ ընդլայնված հանդիպումն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է այն անցկացնել ավելի գործնական մթնոլորտում՝ քննարկելով Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի կողմից հստակ աջակցության հնարավորությունները։
Զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են մի շարք խնդիրներ, մասնավորապես անդրադարձել մեր երկրի համար հեռանկարային և մեծ ներուժ ունեցող այս բնագավառի վերականգնմանն ուղղված հնարավոր քայլերին, այդ թվում՝ պետական աջակցության անհրաժեշտությանը, նշել, որ նախագահի հետ նախորդ հանդիպումից հետո այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ կարևոր նշանակություն ունի տեղեկությունն ինչպես իրավիճակի, այնպես էլ երկրի ու կոնկրետ ոլորտների մասին։ «Ձեր ուղղություններից մեկը պետք է ներքին շուկան դառնա, և դուք պետք է աջակցեք, որ ներքին տուրիզմը զարգանա, - ասել է նախագահը։ - Ձեր կողմից զարգացման հիմնական աջակցությունը ես տեսնում եմ, որ կարողանաք աշխատանքի ճիշտ կազմակերպման, ծառայությունների որակի, անհրաժեշտ հիգիենայի ապահովման որոշակի պայմաններ ու պահանջներ թելադրել»:
Խոսելով նախագահական ինստիտուտի կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել և հստակ ձևակերպել հիմնական ուղղությունները: «Կարող ենք փորձել ձեզ օգնել միջազգային ներկայության և միջազգային կառույցներում կամ համաժողովներում ցուցահանդեսների մասնակցությամբ,- նշել է Հանրապետության նախագահը։-Մարդիկ պետք է ճանաչեն երկիրը, իմանան՝ ինչ է Հայաստանը և Հայաստանից ինչ կարելի է սպասել»:
Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի և միջազգային միջոցառումների անցկացմանը, որոնք նույնպես նպաստելու են զբոսաշրջության զարգացմանն ու մեր երկրի ճանաչելիությանը:
«Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագրի շրջանակում համագործակցել ձեզ հետ - ասել է նախագահը։ - Ուզում եմ վստահեցել, որ միշտ պատրաստ ենք ձեզ աջակցել ոչ միայն այն բանի համար, որ այսօր դժվար է, այլ՝ որովհետև ինչ-որ իմաստով դուք մեր երկրի ավանգարդն եք, այսինքն՝ նաև ձեր միջոցով են երկիրը ճանաչում»:




Comments