top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանի ավագանին շնորհակալություն է հայտնել Ժնևի քաղաքային խորհրդին


Երևանի ավագանին նամակ է գրել Ժնևի քաղաքային խորհրդին՝ հայտնելով իր շնորհակալությունը «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևն ընդունելու համար:

«Ժնևի քաղաքային խորհրդի հարգելի անդամներ,

Երևանի ավագանին իր երախտագիտությունն է հայտնում Ժնևի քաղաքային խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևի ընդունման կապակցությամբ։


Հատկապես պատերազմական գործողությունների թեժ փուլում կարևոր ենք համարում այս հասցեական ուղերձը, որով ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների թիրախում են հայտնվել Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքային ենթակառուցվածքները և պատմամշակութային հուշարձանները։

Ժնևյան կոնվենցիայի համատեքստում բանաձևի շեշտադրումները հասցեական են և պետք է արժանանան միջազգային հանրության գնահատականին և դրանից բխող գործողություններին։


Առանձնահատուկ շնորհակալ ենք բանաձևի հեղինակներ Առնո Մորեյոնին, Աննա Բարսեղյանին, Օլիվիե Գուրթներին, Բրիջիտ Սուդերին, Ալեն դե Կալբերմատենին, Դելֆին Վյուզտին և մյուսներին այս նախաձեռնության համար։


Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունը Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատմանը։

Հարգանքով և երախտիքով՝

Երևանի ավագանի»,- ասված է Երևանի ավագանու նամակում:

0 comments

Comments


bottom of page