top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանում պայթյունից տուժած շենքի բնակիչների համար պետությունը նոր բնակարաններ կգնի

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի 1 հասցեի շենքում 2020 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլված բնակարանների տերերը փոխհատուցում կստանան։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։

Ինչպես հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին կտրամադրվի բնակարանի գնման վկայագրեր` նոր բնակարաններ ձեռք բերելու համար։ 


«Կադաստրի կոմիտեի և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի կողմից տրամադրված տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքներին աջակցելու չափը` հիմքում դնելով փլուզված բնակարանի ընդհանուր մակերեսն ու Կադաստրի կոմիտեի հուլիս ամսվա տվյալները, շենքի գտնվելու գոտում բազմաբնակարան շենքի բնակարանի 1 քմ արժեքը, այն է` 333 000 դրամ»,– ասաց Ղուլարյանը։

Այս հաշվարկով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել 182 075 100 դրամ, որը փոխանցվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղից էլ շենքի տուժած բնակիչներին տրամադրվելու են ԲԳՎ–ները։

Ի դեպ, եթե տուժած բնակիչները որոշեն ավելի թանկ բնակարաններ գնել, ավել գումարը պետք է վճարեն սեփական միջոցներից կամ հիպոտեկային վարկով։

Հարցի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքվեց, թե ի վերջո, ինչն է եղել պայթյունի պատճառն ու ում մեղքով է տեղի ունեցել։

Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ մեղավորներին բացահայտելուց հետո նրանց հնարավոր կլինի նաև վնասի փոխհատուցման պահանջ առաջադրել։


Հիշեցնենք` օգոստոսի 26-ի առավոտյան Ռայնիսի (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան) փողոցի շենքերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, տունը մասամբ փլուզվել էր:



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page