WCIT2024/DigiTec-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում անցկացված Ներդրողների տուրը հաջողություններ է գրանցել
Առաջին անգամ Հայաստանում, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակում, անցկացվել է Investor Tour (Ներդրողների տուր)․ 35 ներդրողներ աշխարհի 12 երկրներից ժամանեցին՝ ծանոթանալու հայաստանյան ստարտափներին, ընկերություններին և ներդրումների հնարավորություններին։
BANA Angels-ի հետ համագործակցությամբ այս մասշտաբային իրադարձությունը հաջողությամբ է անցկացվել, ինչը հայկական ստարտափներին բացառիկ հնարավորություն է ընձեռել բացահայտելու ֆինանսական նոր հնարավորություններ, ռեսուրսներ և շուկաներ։ Արտերկրից ժամանած ներդրողները WCIT2024/DigiTec-ի օրերին Հայաստանում եղան հատուկ ծրագրով. նրանք այցելել են համաժողովի տարածք, ԴիջիԹեք էքսպո, տեղում ծանոթացել Հայաստանի ստարտափների էկոհամակարգին։
«WCIT2024/DigiTec-ը, ԴիջիԹեք էսպոն և նմանօրինակ միջոցառումները հնարավորություններ են ստեղծում միջազգային ներդրողներին ներկայացնելու տեղի տեխնոլոգիական ու նորարարական ներուժը։ Համագործակցելով BANA Angels-ի հետ՝ մենք կարողացանք հնարավորինս մոտեցնել ներդրողներին ստարտափներին, ներկայացնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգն ու զարգացումները, հեռանկարային կապեր հաստատել ու ծրագրեր նախագծել։ Համոզված եմ, որ էկոհամակարգի հետագա զարգացման համար այսպիսի տուրեր պետք է հաճախ կազմակերպվեն և բացառապես նման բարձր որակով»,-ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Comments