Վրաստանի վարչապետը կոչ է արել խստացնել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվող քայլերը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման ֆոնին համապատասխան մարմիններին կոչ է արել խստացնել անվտանգության միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է «Грузия Онлайн» պորտալը: «Ցանկանում եմ կոչ անել քաղաքապետարանին, որ հասարակական տրանսպորտում, առևտրի կենտրոններում մոտեցումները խստացվեն, քանի որ հիմա սեպտեմբեր է, հանգստացողները վերադառնում են քաղաք, սկսում են առօրյա կյանքը, աշխատանքի են գնում, և այստեղ մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ ցավոք, որոշ ժամանակ մենք պետք է ապրենք սահմանափակումներով և անհարմարություններով»,-հայտարարել է Գախարիան:
Վրաստանում վերջին շրջանում ավելացել է կորոնավիրուսով վարակակիրների ամենօրյա ցուցանիշը. վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք: Վերջին տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1548, մահվան` 19 դեպք:
Comments