top of page

Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը.

Aug 22, 2020
1 min read

Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը 1964–1966 թթ., հեղինակել են նկարիչներ Հովհաննես Մինասյանը և Հենրիկ Մամյանը։ Տարիների ընթացքում խոնավության հետևանքով այն զգալիորեն վնասվել էր, որոշ հատվածներում ներկաշերտը փոշիացել էր և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել էր որմնանկարների գույները: Վերականգնողական աշխատանքներն իրականացրած Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը ներկայացնելով վերականգնված աշխատանքները՝ նշել է, որ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը 20-րդ դարի հայկական որմնանկարչության լավագույն նմուշներից մեկն է: Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին՝ արվեստի այս գոհարը փրկելու հանձնառության և գործն ավարտին հասցնելու համար: Որմնանկարի հեղինակների ժառանգները՝ Մարտին Մինասյանը և Լուսին Մամյանը, նշել են, որ մեծ ոգևորությամբ են հետևել աշխատանքների ընթացքին: Շնորհակալություն հայտնելով նախագահ Արմեն Սարգսյանին, Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմին և մասնագետներին՝ Մարտին Մինասյանն ասել է. «Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարած նվիրյալների խումբը հրաշալի աշխատանք կատարեց»: «Մեր ծնողները նվիրումով, սիրով են ստեղծել այս գործը և ժառանգներիս համար շատ կարևոր է, որ այն վերականգնվեց: Երախտապարտ ենք այս մեծ ու նվիրական գործի համար: Կարծում եմ, երախտապարտ կլինեն նաև բոլոր նրանք, ում համար հայ մշակույթը, մշակույթի զարգացումն ու պահպանումը մեծ ու կարևոր նշանակություն ունեն»,- ասել է Հենրիկ Մամյանի դուստրը։

 
 
 

Comments


bottom of page