Հայտնի, բայց չբացահայտված Տերյանը

Դեռ ոչ ոքի չի հաջողվել գովաբանել աշունն ու թախիծը, սերն ու կարոտն այնպես կատարյալ, ինչպես ժամանակին հաջողվել է մեծն Տերյանին, սակայն շատ քչերին է հայտնի, որ մեզ հասած սիրային ու աշնանային ելևէջները տերյանական ժառանգության միայն մի մասն են, իսկ Տերյանի անտիպ նամակները, հոդվածներն ու գրախոսությունները հաճախ ներկայացված են եղել աղճատված: Քչերը գիտեն նրա անձնազոհության և հայրենասիրական դրսևորումների մասին, որոնք քիչ են ուսումնասիրվել:
Մայիսի 4-ին Ջավախքի աջակցություն հիմնադրամի (ՋԱՀ) կազմակերպած հանդիպման ժամանակ, Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը մանրամասներ ներկայացրեց Վահան Տերյանի կյանքի և գործունեության մասին՝ մասնավորապես առանձնացնելով մի շարք կարևոր գործողություններ, որոնց իրականացման շնորհիվ Տերյանն առանցքային և կարևոր փոփոխություններ է կատարել: Գևորգ Էմին-Տերյանը խոսքի սկզբում կարճ անդրադարձ կատարեց Վահան Տերյանին և նշեց, որ հաճախ ենք լսում նրա անունը, սակայն «ի՞նչ է արել նա» հարցին դժվարանում ենք հստակ պատասխան տալ։ «Թերևս Տերյանի կարևոր դերակատարումներից մեկը եղել է հայ ժողովրդին ազգ դառնալու ճանապարհին ուղղորդելը: Հայ ժողովուրդը ճակատագրի բերումով չի ունեցել միմյանց միացնող համակարգ: Հայաստանը երկար ժամանակ զուրկ է եղել պետականությունից, իսկ միակ կառույցը, որ որոշակի կերպով աշխատում էր նպաստել միավորման գործընթացին՝ եկեղեցին է եղել, որը, սակայն, ևս միատարր չէր» - նշեց Գևորգ Էմին-Տերյանը։
Լինելով հասարակական և պետական գործիչ՝ Տերյանը առաջին հերթին քաղաքական գործիչ էր, ով բարձրաձայնում էր խնդիրներ, որոնք հրատապ լուծում էին պահանջում: Նա դարձավ առաջին քաղաքական գործիչը, ով բարձրաձայնեց ու սկսեց համոզել Ռուսաստանին՝ ճանաչելու այն փաստը, որ Հայաստանը կարող է լինել անկախ, որ Հայաստանն առանց Ռուսաստանի էլ կարող է գոյություն ունենալ: Տերյանն իրապես դարձավ Իսրայել Օրուց հետո միակ քաղաքական գործիչը, ով բարձրացրեց այդ հարցը: «Այդ շրջանում կարևոր էր նաև լեզվի հետ կապված հարցերի կարգավորումը, քանի որ լեզուն բաժանված էր բարբառների, որոնք, սակայն, ոչ միշտ էին հասկանալի լինում մարդկանց: Հանճարեղ բանաստեղծներ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը հայտարարեցին, որ գրական հայերենը շունչ չունի, ուստի պետք է կիրառել հենց բարբառները: Սակայն Տերյանը կարծում էր, որ հենց միասնական հայերենը կարող է նպաստող գործոն հանդիսանալ լիարժեք պետականություն կառուցելու ճանապարհին: 20-ամյա Տերյանը համառորեն պնդում էր, որ այն ճանապարհով, որ մինչեւ այժմ գնացել են, սխալ է եղել: Ի վերջո, նա կարողացավ դրանում համոզել մեծն Թումանյանին: Եթե Թումանյանը նախկինում գրում էր՝ բարբառային բառեր, ապա 1908 թվականին Տերյանի հետ կայացած հանդիպումը փոխեց նրա գրելաոճը: Երկուսն էլ հասկանում էին, որ ճիշտ լեզուն ընդհանրացման բերելն է, ինչի շնորհիվ այն ժամանակ մենք կանգնեցինք ազգ դառնալու ճանապարհին»- ամփոփ կերպով անդրադարձավ Տերյանի գործունեությանը նրա ծոռը։ Այդպիսով՝ Տերյանն այն գրողը դարձավ, ով գրականությունը տարավ դեպի գրական լեզու: Գևորգ Էմին-Տերյանը գրողի հատկանշական քայլերից մեկը նշելիս առանձնացրեց մտածողության փոփոխությունը․ «Նա ամենաշատ լեզուներ իմացող պոետն էր, ում առաջ էր մղում ջավախեցու ոգին, որի ուժն աննկարագրելի էր»։
Ի վերջո, Տերյանն այն բանաստեղծը դարձավ, ով գրականության համար սահմանեց բարձր նշաձող, որը հնարավոր չէր իջեցնել՝ չնայած բազմաթիվ փորձերին: Նրանով գրականությունը մտավ նոր փուլ, փոխվեցին գրելաոճը, թեմատիկան, կերպարները, սահմանվեց գրական լեզու:




Comments