Գրադարաններում ու թանգարաններում կգործեն նոր կանոններ. Ավինյանի որոշումը
- merikhachatryan202
- Aug 19, 2020
- 1 min read
Դիմակ դնելը մի շարք հաստատություններում պարտադիր պահանջ է շարունակվում մնալ. առանց դիմակի գրադարան կամ թանգարան այցելել չենք կարող։

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մշակութային և ուսումնական կենտրոնների գործունեության համար նոր կանոններ են սահմանվել:
Մասնավորապես, յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքը պետք է առանձնացվի և չտրամադրվի մեկ ուրիշին առնվազն 1 օր։ Բացի այդ, ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումը պետք է իրականացվի` ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։
«Թանգարանների դեպքում էլ պետք է բացառվի թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը, հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը։ Իսկ հնարավորության դեպքում սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով»,–նշված է պարետի որոշման մեջ։
Ինչ վերաբերում է ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններին, ապա յուրաքանչյուր խմբի դասընթացը սկսելուց առաջ պետք է կատարվի մասնակիցների ջերմաչափում, ինչպես նաև նրանք պետք է պարտադիր դիմակ դնեն։
Բացի այդ, կարգելվի մշակութային որևէ միջոցառմանն առանց դիմակի մասնակցելը։ Միջոցառումից առաջ պետք է հանդիսատեսին ջերմաչափեն։ Միջոցառման ժամանակ պետք է ապահովվի բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով, բայց մեղմացնել երկրում գործող որոշ սահմանափակումները։







Comments