Ռուս զինվորականները ստեղծել են ամբոխում «մահապարտի գոտիներ» գտնելու համակարգ

Ռուսաստանի ցամաքային զորքերի 5-րդ գիտական դասակի զինծառայողները Սիրիայի փորձի վերլուծության հիման վրա ստեղծել են համակարգ, որը մարդկանց զանգվածային կուտակման վայրերում կարող է հայտնաբերել, այսպես կոչված, «մահապարտի գոտիները»։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համակարգը ներկայացված է «Армия-2020» ֆորումում։
Սարքը կազմված է տվիչների համալիրից, ծրագրային ապահովումից և օպերատորի շարժական կառավարման վահանակից։ Այն թույլ է տալիս հայտնաբերել մահապարտի գոտիները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը մեծ մակերեսի վրա՝ զանգվածային միջոցառումների անցկացման վայրերում, մարդկանց կուտակման վայրերում, հսկիչ անցակետերում, տրանսպորտային ենթահամակարգում։
«Համակարգը մահապարտին հայտնաբերում է ռադիոհաճախական ազդանշանների միջոցով, որոնք հատուկ են միայն «շահիդի գոտի» տիպի գոտիներին կամ ինքնաշեն պայթուցիկ սարքերին։ Օբյեկտի գտնվելու վայրի, դրան ամենամոտ տվիչի հեռավորության, նրա շարժման մասին տեղեկատվությունը ստացվում է օպերատորի վահանակի վրա, որից հետո նա կարող է ահազանգել վտանգի մասին և սպառնալիքի չեզոքացման հրահանգ տալ»,- պատմել է համակարգը մշակող գիտական դասակի ներկայացուցիչներից մեկը։
Գործակալության զրուցակիցը նաև պարզաբանել է, որ մշակման համար խթան է հանդիսացել Սիրիայի փորձը։ Մշակման աշխատանքները սկսվել են 3 տարի առաջ, երբ ռուս զինվորականները գործողություններ իրականացնելիս առգրավել են տարատեսակ գոտիներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Դրանք ուսումնասիրվել են, դասակարգվել։
«Օրինակ՝ մեր համակարգը ահաբեկչին չի շփոթի մի մարդու հետ, ում պայուսակում շինարարական շուկայից գնված պնդօղակներ են», – ասել է դասակի ներկայացուցիչը։
Նա նաև ասել է, որ այժմ համակարգի փորձարկումներն ավարտվում են, և այն շուտով կմատակարարվի ուժային կառույցներից մեկին։




Comments