Search

Հայոց բանակը վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համարումը. Փաշինյան



Հարգելի գործընկերներ,


սիրելի հայրենակիցներ,


ինչպես գիտեք, ս/թ հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ:


Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է:


Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի ու Արցախի դեմ ուղղորդելու համար:

Այս ամենի ֆոնին հարկ եմ համարում կատարել մի քանի կարևոր արձանագրումներ:

Նախ՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են:

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:

Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեց:

Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով: Եվ հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Երբ ասում եմ ուժերի իրական հարաբերակցություն՝ նկատի չունեմ միայն սպառազինությունների և Զինված ուժերի քանակը, այլ նախ և առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը:

Հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին: Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն: Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը:

Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ կառավարությանը և Զինված ուժերին: Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը և սթափությունը: Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն:

Սիրելի հայրենակիցներ,

հարգելի գործընկերներ,

անցած այս օրերին միջազգային համայնքի առջև մենք ցուցաբերեցինք պատասխանատու և վստահ պահվածք: Մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, ամեն անգամ նրա զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ:

Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Այս սպառնալիքն ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը:

Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադրի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով: Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրները: Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի Դաշնության ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես արտաքին գործերի նախարարության, այնպես էլ Զինված ուժերի Գլխավոր շտաբների մակարդակով:

Միակ երկիրը, ով փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր: Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունն իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով:

Սիրելի հայրենակիցներ,

հարգելի գործընկերներ,

որևէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի և հասարակության տոկունության վրա:

Բայց մեզ անհրաժեշտ է կատարել նաև որոշակի հետևություններ: Մենք չենք կարող անտեսել այն ինչ տեղի է ունեցել: Չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016թ. ապրիլից հետո երկրորդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից: Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնում է մարդկությանը պատու հասած համաշխարհային համավարակի դեմ պայքարում:

Բայց և այնպես մենք մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք և դրանք արտահայտվում են հետևյալում.

Առաջին. Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակության հաղորդելը:

Երկրորդ. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Երրորդ. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Չորրորդ. բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:

Հինգերորդ. վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին: Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ: Արդեն երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի և այլ իրավունքները: Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:

Վեցերորդ. հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին և թե՛ շփման գծում:

Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ:

Յոթերորդ. հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճառականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը:

Սիրելի հայրենակիցներ,

հարգելի գործընկերներ,

հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրան հետեւած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել: Մեզ կարելի է ոգեւորվել այս փաստից, բայց եւ այդ ոգեւորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Եւ մենք կհաղթենք, որովհետև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթնական է: Շնորհակալություն:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia