Փարիզում կարծում են, որ ԵՄ-ն պետք է Ռուսաստանի հետ միասին գործի Բելառուսի խնդրի շուրջ

Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր Եվրոպայի հարցերով պետական քարտուղար Կլեման Բոնն անհրաժեշտ է համարում, որ արևմտյան առաջնորդները հաշվի առնեն Բելառուսի իրադրության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որտեղ նախագահական ընտրություններից հետո տեղի են ունենում դրանց արդյունքներին չհամաձայնողների զանգվածային բողոքի ակցիաներ, գրում է ТАСС-ը։
«Չափազանց կարևոր է, որ առաջատար եվրոպական առաջնորդներն անմիջականորեն դիմեն նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես դա արդեն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, և ասեն՝ «մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ միասին (Բելառուսի խնդրի շուրջ), սխալ ընտրություն մի արեք», - հայտարարել է նա Le Parisien թերթին տված հարցազրույցում:
Ընդ որում, նա նշել է, որ ԵՄ-ն պետք է ավելի վճռականորեն պաշտպանի իր արժեքները այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: «Եվրոպան չպետք է իր գործունեության մեջ դանդաղկոտություն դրսևորի կամ թույլ ձևով գործի, ինչը հաճախ ԵՄ-ի իսկական հիվանդությունն է։ Այսինքն, անհրաժեշտ է պաշտպանել եվրոպական ինքնիշխանությունը եւ պատշաճ պատասխան տալ նրանց, իսկ նրանց թվում երբեմն հայտնվում են Թուրքիան եւ Ռուսաստանը, ովքեր երբեմն ցանկանում են քննության ենթարկել ԵՄ-ի միասնությունն ու համախմբվածությունը, իրադարձություններին արագ արձագանքելու նրա ունակությունը», - հավելել է պետական քարտուղարը:
Պատասխանելով Բելառուսի նկատմամբ Եվրամիության հնարավոր քայլերի մասին հարցին՝ Բոնը նշել է, որ «կարող են արդյունավետ լինել անհատական պատժամիջոցները, որոնք ընդունվել են պատասխանատուներին հարվածելու համար»: «Հենց նման որոշում է կայացրել Եվրոպական խորհուրդը»,- հիշեցրել Է պետքարտուղարը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել, որ նման պատժամիջոցները «նպատակային բնույթ կրեն և բացասաբար չազդեն հենց բելառուս ժողովրդի վրա»:




Comments