Search

Վարչապետն այցելել է Խնձորեսկի համայնքապետարանի հարակից տարածք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը քայլել է Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Վարչապետն այնուհետև այցելել է Խնձորեսկի համայնքապետարանի հարակից տարածք, որտեղ նրան ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակողթողներին, այնուհետև ներկայացվել են ցուցադրական ելույթներ: Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։

Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գորիս` ծանոթացել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին:

Դիտակետին հարակից տարածքը նախկինում եղել է շինարարական աղբավայր. վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը: Դիտակետից բացվում է «ժայռերի քաղաք» Հին Գորիսի տեսարանը: Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 99 մլն դրամ, որից 40 տոկոսը՝ համայնքի ներդրումը: Ծրագիրն ուղղված է մրցունակ զբոսաշրջային ծառայությունների մեծ ներուժի զարգացմանը: Ըստ պատասխանատուների, վերակառուցումից հետո տարածքը բավականին մրցունակ է բիզնեսի զարգացման և ներդրումների համար։ 2020 թվականին արդեն իսկ սկսել են գործել հյուրանոց և ռեստորան։ Ենթադրվում է որ 2021-2022թթ. կստեղծվեն սպասարկման նոր և մրցունակ ծառայություններ, քանի որ արդեն իսկ մի շարք բիզնես առաջարկներ են քննարկվում։

Վարչապետը շրջել է նաև Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով` ծանոթացել այստեղ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն Գորիսում զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը:



Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia