top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Տղե՛րք, հայրենիքն ունի այսօր ձեր կարիքը․ մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին»․


ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով պատերազմական  վիճակի մասին, չթաքցնելով նշեց, որ տեղ-տեղ ընթանում են ծանր մարտեր․ որոշ տեղերում Արցախի ՊԲ-ը հստակ վստահ կերպով վերահսկում է վիճակը, որոշ տեղերում վիճակը բավականին ծանր է։ Այնուհետև, նաև անցավ բուն ասելիքին՝ մարտակոչով դիմելով հատկապես վերջին տարում զորացրված մեր զինվորներին։ «Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետային զինծառայությունն ավարտած, զորացրված և քաղաքացիական կյանքում գտնվող մեր զինվորներին։ Գիտեք, որ Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված և, հիմա մարդիկ կանչվում են զորակոչի, զորահավաքային խնդիր են լուծում։ Խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները ենթակա չեն զորակոչի և, խնդիրն այն է, որ գործնականում (չգիտեմ՝ օրենքն ինչու է այսպես գրվել, ես դա նոր եմ իմացել) ամենամարտունակ մեր մոբիլիզացիոն ռեսուրսն են։


Խնդիրն այն է, որ հայրենիքն այսօր ունի այդ մարդկանց կարիքը։ Տղե՛րք, հայրենիքն ունի այսօր ձեր կարիքը, որովհետև ես արդեն ասել եմ, որ սա մի նոր Սարդարապատ է, ես արդեն ասել եմ, որ սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն է։ Եվ այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից՝ բառիս բուն իմաստով։ Եվ, եթե մենք ոտքի չկանգնենք, մենք բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության։ Այսօր Հայաստանի քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ, ՀՀ քաղաքացին պիտի կարողանա պաշտպանի իրեն։

Այս պահից սկսած թող վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները առանց մեծ կուտակումների ներկայանան կենտրոնական զինկոմիսարիատ։ Այն անձինք, ովքեր պահպանել են իրենց զինվորական զգեստները, թող միանգամից մոտենան զինվորական հագուստով:

Ինչ խնդիրներ կկատարեք, որտեղ կկատարեք այդ խնդիրները, դա արդեն կկազմակերպի հրամանատարությունը։ Ձեզնից էլ որոշակի հրամանատարական օղակներ կձևավորվեն։ Խոսքը ոչ թե ուղղակի ծառայության մասին է, այլ կենաց-մահու կռվի մասին։ Եվ ես հավատում եմ, որ մենք իրար հետ կկարողանանք այդ կռիվը տալ և հաղթանակն ապահովել այս պատերազմում ՀՀ-ի, Արցախի։ Տղե՛րք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- իր ուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը։


0 comments

Comments


bottom of page