Microsoft-ում նշել են Windows 10-ի ամենաարագ բրաուզերը

Microsoft-ի ֆիրմային Edge բրաուզերը կդառնա ամենաարագը Windows 10 օպերացիոն համակարգում աշխատող համակարգիչների համար։ Այս մասին հայտարարել են կորպորացիայի ներկայացուցիչները Build 2021 համաժողովում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Բրաուզերի աշխատանքի արագությունը զգալիորեն կմեծացնեն երկու նոր գործառույթներ՝ քնած ներդիրները եւ գործարկման արագացուցիչը։ Առաջին օպցիան պետք է լուծի օպերատիվ հիշողության ավելորդ սպառման խնդիրը. վեբ-դիտորդի ոչ ակտիվ ներդիրները կանցնեն քնի ռեժիմի, ինչը կխնայի օպերատիվ հիշողության սպառումը 82 տոկոսով։ Գործարկման արագացուցիչը թույլ կտա Edge հիմնական պրոցեսներին միշտ աշխատել ֆոնային ռեժիմով։
Edge 91 անվանումն ստացած թարմացումը կիրառման մեջ կմտնի մինչեւ մայիսի վերջ։ Այդ ժամանակ էլ կսկսվի նոր տարբերակի տարածումն օգտատերերի շրջանում։
2020 թվականից Edge բրաուզերն աշխատում է Chromium բազայի վրա, որը մշակում է Google ընկերությունը։ Microsoft-ը բազմաթիվ փոփոխություններ է մտցրել ելակետային կոդում, ինչը զգալիորեն բարելավել է ֆիրմային վեբ-բրաուզերի աշխատանքը։