Աշխարհը կարող է բաժանվել «երկու դաշինքի».ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները «երբեք այնքան դիսֆունկցիոնալ չեն եղել, որքան այսօր են», և նախազգուշացրել է, որ երկու տերությունների միջև լարվածության սրումը կարող է աշխարհը բաժանել «երկու դաշինքների»։ Նման հայտարարությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել TIME100 Talks-ի քննարկման ժամանակ։ «Երկու երկրների միջև տարաձայնությունները, մասնավորապես՝ տնտեսական տարաձայնությունը, սպառնում են աշխարհը բաժանել երկու դաշինքների՝ երկու գերիշխող արժույթներով, երկու առևտրային կանոններով, երկու տարբեր ինտերնետային ցանցերով և, անխուսափելիորեն, երկու աշխարհառազմավարական և ռազմական ռազմավարություններով։ Դա հսկայական ռիսկ է ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա։
Գուտերեշի խոսքով՝ մենք բոլորս տարբեր շահեր ունենք, և հեշտ չէ ստիպել միջազգային հանրությանը միավորվել։
«Բայց սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք, պետք է ստիպեն բոլորին հասկանալ, որ այն, ինչ մեզ միավորում է, ավելի կարևոր է, քան այն, ինչ մեզ բաժանում է»,- հայտնել է նա։
Գուտերեշը նաև կոչ է արել հարուստ երկրներին COVID-19-ի դեմ պայքարում օգնել իրենց աղքատ գործընկերներին: Նա մտավախություն է հայտնել «պատվաստանյութի ազգայնականության» աճի կապակցությամբ՝ մատնանշելով, որ երկրները մրցակցում են, այլ ոչ թե համագործակցում «պատվաստանյութի մրցավազքում»:
«Կա՛մ մենք բոլորս կազատվենք այդ հիվանդությունից, կա՛մ ոչ ոք չի ազատվի», - ասել է նա:




Comments