top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կառավարությունը ՍԴ դատավորի նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ օգոստոսի 22-ին վերջնականապես կկարգավորվի ՍԴ դատավորի թեկնածուի հարցը, և կհայտարարվի այդ մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում դրական տրամադրվածություն կա Էդգար Շաթիրյանի հանդեպ, որին առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, և օգոստոսի 22-ին նրա և ՔՊ-ականների հետ հանդիպումը նպատակ ունի վերջնականապես կարգավորելու այդ հարցը, որոշում կայացնել և հայտարարել այդ մասին: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «ՔՊ-ականների հետ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել վաղը՝ օգոստոսի 21-ին, սակայն օրվա փոփոխություն է եղել, որպեսզի հարմար լինի հանդիպման բոլոր կողմերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու մասին պաշտոնապես տեղեկություն առկա չէ և անգամ նրա հետ խոսակցությունները խիստ նախնական են եղել, և վերջնական որոշումը կկայացվի արդեն կուսակցության վարչության հետ հանդիպումից հետո, որին ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հենց կառավարության կողմից պետք է առաջադրվի Շաթիրյանը»,– գրում է թերթը


«Ժողովուրդը» տեղեկացել է, որ նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ պայքարից դուրս գալուց հետո կառավարության անդամները երկար ժամանակ փնտրտուքի մեջ են եղել՝ չիմանալով, թե ում առաջադրեն այդ պաշտոնում, մանավանդ որ նախկին թեկնածուն իշխող խմբակցության պատգամավորներից շատերի սրտով չէր: Եվ ի վերջո թեկնածությունը կանգ է առել Շաթիրյանի վրա, որը, նկատենք, կարճ ժամանակ եղավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, և հենց իշխող խմբակցության թեկնածուն էր այդ պաշտոնում՝ ստանալով 96 կողմ և 6 դեմ ձայներ:


Ընդ որում` հինգ թեկնածուներից 2019 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությանը հենց նրան էին տվել ամենաշատ թվով ձայները, և հենց դա է պատճառը, որ կառավարության ընտրությունը կանգ է առնում Շաթիրյանի վրա՝ հաշվի առնելով նախկին քվեարկությունը:

Թերթն ընդգծում է, որ միայն օգոստոսի 18-ից հետո Էդգար Շաթիրյանը կարող էր դառնալ ՍԴ անդամ, քանի ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի չորրորդ հոդվածում ասվում է. «Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»:







0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page