«Ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը կարևոր ոլորտներում. Ջասթին Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

«Այսօր միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայկական համայնքներին՝ տոնելու Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձը:
Կանադան առաջինն էր արևմտյան երկրներից, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 1992 թվականին: Այն ժամանակվանից ի վեր մեր երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք կառուցվել են համընդհանուր արժեքների և ամուր մարդկային կապերի վրա, ավելի են ուժեղացել: Ավելի քան 60 000 կանադահայեր կարևոր աջակցություն են ցուցաբերում մեր համայնքներին և մեր երկրին ամեն օր: «Հայաստանն ու Կանադան սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: 2018 թվականին ես հնարավորություն ունեցա այցելելու Հայաստան և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը: Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը կարևոր ոլորտներում, ինչպես օրինակ՝ գենդերային հավասարության և կանանց հզորացման, առևտրի և ներդրումների, կլիմայական փոփոխությունների՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Կանադայի կառավարության, Սոֆյայի և իմ անունից ուրախ օր եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր նշում են Անկախության տոնը»,- ասվում է Թրյուդոյի հայտարարության մեջ:




Comments