Իսպանիայի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի համար Մադրիդ կուղարկեն զինվորականների
Մադրիդում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում ներգրավվել են զինվորականները։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և նահանգային կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն համաճարակային իրավիճակի վատթարացման դեպքում համատեղ քայլերի հարցով հանդիպումից հետո։
Մամուլի ասուլիսի ժամանակ Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդն իր առանձնահատկությունների պատճառով հատուկ ծրագրի կարիք ունի։ Կոնկրետ միջոցառումները, այդ թվում՝ զինվորական բժիշկների և ոստիկանների օգնությունը կհստակեցվի աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ։
Այուսոն պարզաբանել է, որ զինվորականները կօգնեն պահպանել մայրաքաղաքում սանիտարական միջոցառումները և կկատարեն ախտահանման աշխատանքներ։ Նահանգային կառավարության ղեկավարը նաև առաջարկել է թեստավորում կատարել Բարախասի օդանավակայանում, քանի որ խնդիրը ոչ միայն Մադրիդում է․ այլ կորոնավիրուսը տարածվում է նաև երկրի այլ հատվածներում, քանի որ կոմերցիոն թռիչքների թիվը բավական մեծ է։
Սանչեսի և Այուսոյի հանդիպման ժամանակ մադրիդցիները ցույցի էին դուրս եկել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ։
Սեպտեմբերի 21-ին իշխանությունները լրացուցիչ սահմանափակումներ են մտցրել կորոնավիրուսի տարածման պատճառով։ Մասնավորապես, 37գոտիներում, որտեղ համաճարակային իրավիճակն ամենաբարդն է, սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Տվյալ շրջաններից կարելի է դուրս գալ միայն հարգելի պատճառով, օրինակ՝ աշխատավայր, ուսումնական հաստատություն կամ հիվանդանոց հասնելու համար։
Կարանտինային միջոցառումներ սահմանած շրջաններին բաժին է ընկնում Մադրիդում արձանագրված վարակի դեպքերի 25%-ը։ Իշխանությունները մտադիր են այնտեղ զանգվածային թեստավորում կատարել։ Միջոցառումները խստացվել են 2 շաբաթով, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են երկարաձգվել։
Comments