Հատված համաձայնագրի մասին եվրոպական ընկալումից. Իրինա Ղուլինյան - Գերզ
Լրագրող, Գերմանիայում բնակվող Իրինա Ղուլինյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել, ներկայացնելով համաձայնագրի մասին եվրոպական ընկալում․

«Քիչ առաջ մանակցում էի chatham- house-ի կանոններով Բեռլինում արցախյան թեմայով նախաձեռնված մի քննարկման: Մասնակիցները քաղաքական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ էին, որոնց անունները, ըստ կանոնների, չեմ կարող նշել: Արտահայտված ընկալումների եւ կարծիքների համառոտ ամփոփումը հետեւյալն է.
1. Առկա վիճակն ընդամենը հրադադար է, իսկ ստորագրված հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ:
2. Խաղաղության պայմանագիր պետք է կնքվի մինչ այս ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում ամրագրված սկզբունքներին համահունչ:
3. Անկախ պատերազմական գործողութունների արդյունքներից՝ հայկական կողմի շահերը պետք է հաշվի առնվեն այդ սկզբունքների տրամաբանությամբ: Այստեղ հղում արվեց ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաասի հայտարարությանը, որ պատերազմական արդյունքները միջազգայնորեն չեն ճանաչվելու, եւ կողմերից ոչ մեկը թող չհուսա, թե մարտադաշտում ձեռքբերումներով բանակցային սեղանի շուրջ առավելությունների կհասնի:
4. Եվրամիությունը պետք է վերահսկողության մոնիտորինգային մեխանիզմ ներդնի խնդրո առարկա տարածքներում քաղաքացիական բնակչության, ովքեր կցանկանան այնտեղ մնալ եւ հայ-ադրբեջանական համակեցությամբ ապրել, իրավունքների պաշտպանութան համար: Ընդգծվեց նաեւ այդ տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական հուշարձանների պահպանությունը եւս մշտադիտարկելու անհրաժեշտությունը:
5. Գերմանիան եւ Եվրամիությունը թեեւ չկարողացան հրադադարի հասնել, բայց խաղաղութան հաստատման գործընթացը պետք է լինի ԵԱՀԿ արդեն առկա ֆորմատի շրջանակում:
6. Եվրամիությունը պետք է տարածաշրջանի հետպատերազմյան վերակառուցման «առատաձեռն» ֆոնդ ստեղծի:
7. Պատերազմի արդյունքները չպետք է կասեցնեն ժողովրդավարության ուղի բռնած Հայաստանի զարգացումը, Հայաստանին պետք է աջակցել ընտրած ուղին շարունակելու գործում»։