top of page

ՌԴ–ում դատված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` հայրենիքում

Sep 20, 2020
2 min read

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված դատավճռի համաձայն` Հարությունյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ, զրկված լինելով վարորդական իրավունքից, դարձյալ ավտոմեքենա է վարել։


«2019 թվականի հունիս ամսից մինչ նոյեմբերի 15-ը ներառյալ, միասնական դիտավորությամբ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի 36 DT 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ»,– ասված է դատավճռում։


Հենց այդ խախտումներից էլ իրավապահներն իմացել են, որ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված Հարությունյանը նստել է ավտոմեքենայի ղեկին և իր սեփական ավտոմեքենայով տաքսի ծառայություններ է մատուցում։ Այդ ընթացքում` 6 ամսում, նա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է ստացել։

Դատարանին Հրաչյա Հարությունյանն ասել է, որ զղջում է արածի համար, ինքը ընտանիքի միակ կերակրողն է։ «Որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել»։

Այդուհանդերձ, դատարանը Հրաչյա Հարությունյանին դարձյալ մեղավոր է ճանաչել` այս անգամ դատապարտելով 200 000 դրամ տուգանքի, որն, ի դեպ, այդ հոդվածի համար նախատեսված նվազագույն պատիժն է։

Միաժամանակ, դատարանը Հարությունյանին զրկել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացրած նոր դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020թ-ի օգոստոսին։ Եվ, քանի որ այն չի բողոքարկվել, Հարությունյանն ստիպված կլինի վճարել տուգանքն ու ևս 1.5 տարի հրաժարվել ավտոմեքենա վարելու մտքից։

Հիշեցնենք`2013թ.–ի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

ՌԴ դատարանը նրան դատապարտել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման։ 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստան։ 2017 թվականի օգոստոսի 18-ին Հարությունյանի դատավճիռը ճանաչվել էր նաև ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։



 
 
 

Comments


bottom of page