Հադրութում երեկ ահաբեկիչները սպանել են ևս երկու քաղաքացիական անձի․ Բեգլարյան

Երեկ Հադրութում ադրբեջանցի դիվերսանտները տանը սպանել են երկու բնակչի՝ մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն՝ այս մասին այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ դեպքից հայտնելով մանրամասներ: «Հրադադարի պայմանավորվածությունից հետո ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Հադրութ, ըստ որոշ տվյալների, նաև՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ: Այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաև սպանել են որոշ քաղաքացիական անձանց: Երեկվա դրությամբ՝ մենք տեղեկություն ունեինք 2 հոգու մասով՝ հաշմանդամ տղայի ու նրա մոր, որոնց սպանել են գնդակահարելով, նաև քիչ առաջ մենք նոր տեղեկություններ ստացանք։ Երկու քաղաքացիական անձինք՝ Նվեր Գրիգորյանը և Արտյոմ Միրզոյանը, նույնպես սպանվել են վարձկան ահաբեկիչների կողմից: Գոնե առաջին երկուսը՝ որդին և մայրը, սպանվել են իրենց տանը, ինչը նշանակում է, որ ուղղակի ներխուժել են տուն և գնդակահարել: Մենք հրապարակել ենք լուսանկարներ, հաշմանդամություն ունեցող անձը մի քանի տեղից՝ կրծքից, որովայնի հատվածից գնդակահարված է, նաև գնդակահարված է նրա ձեռքը՝ ափը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա ձեռքի ափը բարձրացրել է, ցույց է տվել, որ ինքը անզեն է ու այդպես պաշտպանվել է, և ադրբեջանական ահաբեկիչները խփել են նաև նրա ձեռքին: Սա լրացուցիչ կերպով ցույց է տալիս, որ դա եղել է ահաբեկչություն, պատերազմական ծանրագույն հանցագործություն»,- նշեց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ պետք է հետամուտ լինեն, որ այս ահաբեկիչները իրենց պատիժը ստանան:




Comments