Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Google-ի՝ Կանանց ծրագրի առաջին միջոցառումը Երեւանում


Շարունակելով Հայաստանում ՏՏ ոլորտում կանանց զորեղացմանն ու նրանց դերի բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները՝ Girls in Tech համաշխարհային ցանցի հայաստանյան մասնաճյուղը սկսել է համագործակցություն Google ընկերության հետ՝ դառնալով վերջինիս կանանց ծրագրի՝ Women Techmakers-ի ներկայացուցիչը Հայաստանում: Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը դարձել է ծրագրի դեսպանը:

Ապրիլի 28-ին Երեւանում կայացավ Google-ի Women Techmakers ծրագրի առաջին միջոցառումը, որին մասնակցում էր նաեւ ընկերության լոնդոնյան գրասենյակում աշխատող հայազգի Նարե Մկրտչյանը: Միջոցառումը ներառված էր ամբողջ աշխարհում տեխնոլոգիաներում ներգրավված կանանց հաջողությունները տոնելու, նրանց գնահատելու եւ աջակցելու ուղղությամբ կազմակերվող IWD (International Women's Day) շարքի մեջ, իսկ խորագիրն էր՝ «Առաջնորդությունն ու բազմազանությունը տեխնոլոգիաների ոլորտում»: Պանելային քննարկմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)՝ նորարության գծով փոխնախագահ Դեյվիդ Բեքեթը, կազմակերպական զարգացման և Էջայլ (Agile) կառավարման մասնագետ Արմինե Մկրտչյանը եւ illuria security ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Անթրանիգ Վարթանյանը:

«Աշխատելով Google ընկերությունում՝ կարող եմ ասել, որ անգամ մեզ մոտ շարունակ ջանքեր է գործադրվում բազմազանության ապահովման համար, հատկապես երբ խոսքը կանանց մասին է: Մեզանից ամեն մեկը կարող է իր դերն ունենալ այս գործում, եթե հենց այսօր որեւէ քայլ կատարենք տեխնոլոգիաներում խտրականության վերացման եւ հավասար մասնակցության ուղղությամբ», - նշեց Google ընկերության Ամպային տեխնոլոգիաների բաժնի (Cloud) վաճառքի մասնագետ Նարե Մկրտչյանը:

«Հայաստանում շատ կարեւոր է ՏՏ կազմակերպության ներքին միջավայրն ու որոշումներ կայացնողների դիրքորոշումը բազմազանության եւ հատկապես կանանց մասնակցության նկատմամբ: Ես համարում եմ, որ կանայք շատ կարեւոր արժեք են բերում ՏՏ ոլորտ, որն էլ պիտի գլխավոր խթանը լինի նրանց մասնակցությունը մեծացնելու համար», - նշեց Դեյվիդ Բեքեթը:

Խոսնակներից Արմինե Մկրտչանը, ով ՏՏ ոլորտի տարբեր կազմակերպությունների ներքին զարգացմանը մասնակցելու մեծ փորձ ունի, ցավով անդրադարձավ այն հարցին, որ երբեմն կանանց մասնակցություն ապահովում են միայն բազմազան միջավայր ունենալու համար՝ առանց գնահատելու նրանց ունակություններն ու մասնագիտական որակը: Նա նաեւ նշեց, որ տեխնոլոգիական ընկերություններում բազմազան աշխատակազմի մասին խոսելիս պետք է ներառել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր բավական կարեւոր տեղ ունեն աշխարհի մի շարք առաջատար ՏՏ ընկերություններում:

Միջոցառմանը ներկա էր եւ իր ոգեշնչող պատմությամբ կիսվեց նաեւ ԱՄՆ-ից ժամանած Թալին Էքմեքջյանը, ով ծնվել եւ կրթություն է ստացել Փարիզում, իսկ տեխնոլոգիաների ոլորտում հաստատվելու ճանապարհին հասել է մինչեւ ԱՄՆ՝ աշխատելով ու բավական կարեւոր դերեր զբաղեցնելով համաշխարհային այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են Յահուն (Yahoo!), Մայքրոսոֆթը (Microsoft) եւ Ամազոնը (Amazon):

Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն, իսկ հիմա նաեւ Google-ի Կանանց ծրագրի դեսպան Սեդա Պապոյանի խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունները շատ կարեւոր են կանանց ոգեշնչելու, տեխնոլոգիական ընկերություններում որոշումներ կայացնողների ուշադրությունը հրավիրելու եւ ընդհանրապես ոլորտի զարգացման համար: «Google-ի աջակցությամբ՝ Women Techmakers ծրագրի շրջանակում մենք կշարունակենք հանդես գալ նոր ծրագրերով՝ ՏՏ-ում կանանց մասնակցության մեծացման եւ նրանց դերի գնահատման ուղղությամբ», - նշեց նա:

IWD երեւանյան միջոցառումը կայացավ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում՝ Google Developers Group-ի տարածաշրջանային գրասենյակի եւ FreeDOM development հայաստանյան կազմակերպության աջակցությամբ, իսկ հյուրասիրության համար գինիներ ապահովել էր InVino գինու ակումբ-վաճառատունը: Միջոցառումը ներառում էր նաեւ կին հիմնադիրների ստարտափերի ոչ ֆորմալ էքսպո, ինչպես նաեւ Google Firebase ծրագրի աշխատարան FreeDOM development-ի կողմից: