Պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը. Ֆրանսիայի արտգործնախարարի կոշտ հայտարարությունը

Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացում իր դերից։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում ելույթի ժամանակ։
Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի սկսվելուց ի վեր Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը սպառել է իրեն, և Անկարան պետք է միջնորդ դառնա բանակցություններում։
«Մենք չենք պատրաստվում հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման գործընթացում մեր դերից», — ընդգծել է նախարարը:
Նա նշել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր պաշտոնակցի՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
«Մեր բոլորի՝ երեք միջնորդների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ՝ խմբ.) և, ի վերջո, հայերի ու ադրբեջանցիների մեղքն այն է, որ առարկայական բանակցություններ չեն եղել։ Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել տարածքի շուրջ բանակցություններին։ Քանի որ կա Լեռնային Ղարաբաղի տարածք և կա հարակից շրջանների տարածք», - հայտարարել է Դրիանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բանակցություններին կողմնակի ուժեր չպետք է միջամտեն։ Դրիանը նշել է, որ նկատի ունի Թուրքիային, ինչի մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է։
Նախարարն ընդգծել է`պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը, պետք է դադարեցվեն զենքի մատակարարումներն Ադրբեջան և, մասնավորապես, պետք է հետ գնան հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանները, որոնց մասին մենք փաստացի ապացույցներ ունենք ։
«Դա լավագույն բանն է, որ մենք կարող ենք անել հակամարտության կարգավորման համար»,-եզրափակել է նա։
Իսկ այսօր Դրիանը հայտարարել էր, որ Արցախի հարցով բանակցություններ են նախատեսվում վաղը՝ հոկտեմբերի 8-ին Ժնևում և երկուշաբթի, հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում։




Comments