«Eventiada» PR միջազգային մրցանակաբաշխության հաղթողների շարքում է «Վարդավառ» փառատոնը
Հայկական Փի Ար ասոցիացիան Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության գործընկերն է, իսկ կազմակերպության նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանը ընդգրկված է հեղինակավոր ժյուրիի կազմում:
«Ինձ համար պարտավորեցնող և հրաշալի առիթ էր աշխատել և համագործակցել միջազգային հարթակում հանրային կապերի և հաղորդակցության հեղինակավոր մասնագետների հետ, հրաշալի զգացողություն է, երբ ինքդ ես մրցանակ հանձնում: Մեր կազմակերպությունն արդեն չորրորդ տարին իրականացնում է Հայկական PR մրցանակաբաշխությունը, որն այս տարվա դեկտեմբերին տեղի կունենա, սա շատ լավ առիթ էր, որպեսզի նաև վերջիններիս հրավիրենք Հայաստան»,- Մոսկվայից փոխանցում է Աստղիկ Ավետիսյանը:
«Eventiada IPRA Golden World Awards»-ը Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների ամենամեծ միջազգային մրցանակաբաշխությունն է հաղորդակցության ոլորտում։ 2011 թվականից սկսած, IPRA GWA-ի տարածաշրջանային գործընկերը, գնահատում է համաշխարհային բրենդների և առաջատար տեղական կորպորացիաների, կազմակերպությունների լավագույն արշավները։
Հեղինակավոր «Eventiada IPRA GWA» հաղորդակցության միջազգային մրցանակաբաշխությունն իրականացվում է իններորդ անգամ և մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լիտվայի, Ղազախստանի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Սերբիայի, Խորվաթիայի, Էստոնիայի տարբեր ոլորտների կառույցներ՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացված լավագույն ծրագրերը:
Հայաստանից ներկայացվել են մի շարք ծրագրեր, սակայն «Երիտասարդություն» բլոկի տարվա իրադարձություն անվանակարգում հաղթող է ճանաչվել «Վարդավառ» միջազգային փառատոնը, որը Երիտասարդական ակումբների դաշնության ավանդական ծրագրերից է: Այն ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու և փոխանցելու յուրահատուկ հարթակ է. յուրաքանչյուր տարի տեղի է ունենում Վարդավառի օրը՝ Գառնիում և Գեղարդում:
#PR #ArmPR #Աստղիկ Ավետիսյան #PR մրցանակաբաշխություն #Eventiada
Comments