Search

COVID-19. Չինաստանում վարակվածության մեկ դեպք է գրանցվել


Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 669 հազար 604-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 253 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 210 հազար 424 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 213 հազար 010 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 69 հազար 925 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 250 հազար 561 է: Մեկ օրում 2 հազար 260 վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 613:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 211 հազար 938 է: Վարակից մահացել է 29 հազար 079 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 190 հազար 584: Վարակի հետևանքով մահացել է 28 հազար 734 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 169 հազար 462 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 201 մարդ:

Գերմանիայում 166 հազար 199 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 6 հազար 993 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ մեծ թվերով աճում է վարակվածների թիվը: Վերջին մեկ օրում 10 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը դառնալով 155 հազար 370: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1451:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 127 հազար 659-ի, մահացածներինը՝ 3 հազար 461-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 108 հազար 620 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 367: Իրանում վարակվածների թիվը հասել է 99 հազար 970 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 881 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 604-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 142, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 192 է, մահացածներինը՝ 146:

Եգիպտոսում 6 հազար 813 հաստատված դեպք կա, մահացել է 436 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 804-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 346 վարակվածության, 98 մահվան դեպքով: Լիբանանում կա 741 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:


ԱՀԿ-ն արձագանքել է Ֆրանսիայում դեռ դեկտեմբերին COVID-19-ի ի հայտ գալու տեղեկատվությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանական է համարում այն, որ COVID-19-ի վարակվածության առաջին դեպքերն աշխարհի տարբեր երկրներում ի հայտ եկած լինեն դեռ դեկտեմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, ըստ որի, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը Ֆրանսիայում ի հայտ են եկել 2019 թվականի դեկտեմբերին:

«Դա հետաքրքիր բացահայտում է: Դա կարող է օգնել ավելի լավ պատկերացնել կորոնավիրուսի պոտենցիալ տարածումը: Դա զարմանալի չէ, որովհետև ամենավաղ դեպքերն արձանագրվել են դեռ դեկտեմբերի սկզբին, այնպես, որ հնարավոր է վարակված մարդիկ Ուհանից ճանապարհորդած լինեն այլ երկրներ: Նաև հնարավոր է, որ ավելի շատ վաղ դեպքեր վերհանվեն՝ կապված այն հանգամանքի հետ, թե երկրներն ինչպես կթեստավորեն դեպքերը»,-ասել է նա:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայում բժիշկ Իվ Կոենը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն իրականում գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին, սակայն դա պարզվել է հիմա: Դեկտեմբերի 27-ին բժիշկը բուժել է Փարիզից մի պացիենտի, ով թոքաբորբ է ունեցել: Նա ապաքինվել է և դուրս է գրվել, սակայն բժշկի այս օրերին արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա կորոնավիրուսով հիվանդ է եղել: 50-ամյա տղամարդը չի կասկածել, որ կորոնավիրուսով հիվանդ է եղել: Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայում COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են հունվարի 24-ին: Երկու հոգին վերադարձած են եղել Ուհանից, երրորդ անձը եղել է նրանց ընտանիքի անդամը:

Բժիշկը դիմել է Առողջապահության ազգային գործակալությանը և կոչ է արել մյուս վարակաբաններին վերաճշգրտել ունեցած թեստերը:

Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկներին մոտ ապագայում չեն սպասում

Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ ալ-Անանին հայտարարել է, որ միջազգային զբոսաշրջությունը մոտ ապագայում Եգիպտոս չի վերադառնա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա պարզաբանել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների Եգիպտոս վերադարձը կախված է ոչ միայն Եգիպտոսում, այլև այն երկրներում առկա իրավիճակից, որտեղ բնակվում են: Անանիի խոսքով՝ տարբեր պետությունների ներկայացուցիչներ հետաքրքրվել են, թե արդյոք հնարավո՞ր է, որ Եգիպտոսը զբոսաշրջությունը բացի հունիսին: Նախարարը նշել է, որ կառավարությունը դա կդիտարկի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կհստակեցվի: Նրա խոսքով՝ ճանապարհորդները, հավանաբար ստիպված կլինեն ապացուցել, որ վարակված չեն: Դրանից բացի, հնարավոր է զբոսաշրջիկների շրջանում տարիքային սահմանափակում մտցվի, օրինակ, մինչև 48 տարեկանը: Նախարարը տեղեկացրել է, որ մինչև հունիս հյուրանոցներն աշխատելու են միայն տեղացիների համար:

Ներկայում տուրիստական ընկերությունները, Եգիպտոսի ծովափնյա վայրերի ռեստորանները, շուկաները, սրճարանները փակ են: Փորձագետները հաշվարկել են, որ երկրում զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսի պատճառով ամեն ամիս կորցնում է մեկ միլիարդ դոլար:

Իսրայելում հայտարարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջընթացի մասին

Իսրայելի գիտնականներին հաջողվել է բացահայտել հակամարմիններ, որոնք օրգանիզմում ակտիվորեն չեզոքացնում են կորոնավիրուսը և կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը:

Բենեթն այցելել է Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գաղտնի լաբորատորիա, որտեղ նրան ներկայացրել են, թե ինչպես են աշխատում հակամարմինները, որոնք բացասական ազդեցություն ունեն կորոնավիրուսի վրա: Ներկայում իրականացվում է արտոնագրի գրանցում, որից հետո կսկսվի կոմերցիոն արտադրությունը: Ամեն դեպքում, պատվաստանյութի արտադրության կոնկերտ ժամկետներ չեն նշվել:

Ավելի վաղ Հոլանդիայում գիտնականները նույնպես հայտարարել էին, որ գտել են հակամարմիններ, որոնք կարող են հակազդել վարակի վրա: Աշխարհում ընդհանուր առմամբ 100 հետազոտական խումբ աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ:

Նոր Զելանդիան դեռ երկար ժամանակ չի բացի սահմանները օտարերկրացիների համար

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, դեռ երկար ժամանակ չի պատրաստվում բացել սահմանները օտարերկրացիների համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆակս»-ը: Նա հայտարարել է, որ Ավստրալիայի հետ քննարկել են երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը: Ջասինդա Արդերնը տեղեկացրել է, որ այլ երկրների քաղաքացիները դեռ հնարավորություն չեն ունենա մուտք գործելու Նոր Զելանդիա:


Նոր Զելանդիան և Ավստրալիան շատ արագ փակել են սահմանները օտարերկրացիների համար, երբ աշխարհում տեղի ունեցավ կորոնավիրուսի բռնկում: Երկու երկրներն էլ ներկայում հայտնում են վարակի տարածման դեմ պայքարում իրենց հաջողության մասին:

Նոր Զելանդիան երկրորդ օրն անընդմեջ հայտնում է նոր դեպքերի բացակայության մասին: Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակվածության 1 137 դեպք, 20 մարդ մահացել է: Ավստրալիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է ավելի քան 6 հազար 800, մահացել է 96 մարդ: Վերջին օրերին այնտեղ գրանցվում է 10-19 նոր դեպք:

ՌԴ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակի մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է ինչպես նախատեսված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունըտեղեկացնում է, որ այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը:

«Վարչապետը շարունակում է գտնվել պետական բուժհաստատություններից մեկում բժիշկների հսկողության ներքո: Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ լավ է: Բուժումն ընթանում է ըստ պլանավորվածի՝ օգտագործելով այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլատրվել են Առողջապահության նախարարության կողմից այդ հիվանդության բուժման համար: Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»,- նշել է նրա մամուլի քարտուղարը:

Ապրիլի 30-ին Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա հայտնել է, որ պետք է մեկուսանա և հետևի բժիշկների ցուցումներին: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Արգենտինայում կարանտինի ռեժիմը խախտելու համար ձերբակալվել է շուրջ 70 հազար մարդ

Արգենտինայի իրավապահ մարմինները կարանտինի ռեժիմը խախտելու համար մեկ ու կես ամսում ձերբակալել են շուրջ 70 հազար մարդու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ մարտի 21-ից սկսած ընդհանուր առմամբ ձերբակալվել է 69 հազար 965 մարդ: Դրանից բացի, ոստիկանությունն ավելի քան 4 հազար ավտոմեքենա է առգրավել վարորդներից, որոնք երկրում տեղաշարժվել են անօրինական:

Արգենտինայում մարտի 20-ից գործում է կարանտինի ռեժիմ: Նախատեսվում է, որ իշխանությունները մայիսի 10-ից կսկսեն սահմանափակումների թուլացում: Երկրում հաստատված դեպքերի թիվը 4 հազար 700-ից ավելի է, մահացել է 249 մարդ:

Թաիլանդում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել

Թաիլանդում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ընդամենը 1 դեպք, և արդեն 7-րդ օրն է մահ չի գրանցվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը:  Նշվում է, որ վարակված մեկ քաղաքացին Թաիլանդի հարավային հատվածի բնակիչ է:


Թաիլանդում վարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերը կազմում են 2 988, մահացել է 54 մարդ, ամբողջությամբ ապաքինվել է 2 747 վարակված:

Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

«Այսօր Ավստրալիան հատկացնում է 352 միլիոն ավստրալական դոլար (227 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային ջանքերին աջակցելու, պատվաստանյութ գտնելու համար: Մենք հատկացնում են 15 միլիոն ավստրալական դոլար (9.7 միլիոն ԱՄՆ դոլար) պատվաստանյութի մշակման, նորարարության, ախտորոշման համար»,-նշել է նա:

Դրանից բացի՝ վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան կհատկացնի ևս 337 միլիոն ավստրալական դոլար (217 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի հետ կապված գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար, որոնք ուղղված են պատվաստանյութերին, ախտորոշմանը, թերապիային, շնչառական վարակներին:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia