«BiGiDream» փառատոնը Կարապի լճում ամփոփվեց մասշտաբային միջոցառմամբ

«BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնը եզրափակվեց մեծ ամփոփիչ միջոցառմամբ, որը կազմակերպվեց Կարապի լճի հարակից տարածքում։ «Դեպի մեծ երազանքներ» խորագրով ամփոփիչ համերգին ելույթ ունեցան «Հայ արևներ» երգչախումբը, «Miss Singer» նախագծի աղջիկները, «Խառակտեր» պարային խումբը և այլ արտիստներ, առանձին հեքիաթային տաղավարներով ներկայացվեցին թատերական տարաբնույթ բեմադրություններ, ինչպես նաև ելույթներով հանդես եկան փոքրիկ արտիստները։
Կարապի լճի տարածքը վերածվել էր իսկական մանկական խաղահրապարակի։ Նշենք նաև, որ ներկաները երեկոյի ընթացքում հնարավորություն ստացան հատված դիտելու «Դեպի մեծ երազանքներ» հայկական մանկական երաժշտական ներկայացումից և հանդիպելու փառատոնի խորհրդանիշ Բիգիի՝ տիեզերքից այստեղ եկած երազող հայի հետ։ Կրթական, ճանաչողական ու միևնույն ժամանակ ժամանցային այս ներկայացումը բացառիկ էր իր ձևաչափով, ներկայացված հերոսներով, պարերով, երգերով, հատուկ ստեղծված ինքնատիպ հագուստներով ու վիզուալ ձևավորումով։
Հավելենք, որ «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնն իրականացնում է «Հայը կա» նախաձեռնությունը:
«BiGiDream» փառատոնը հնարավորություն էր ստեղծել մեկ հարթակում համախմբել ՀՀ բոլոր մարզերից մանկական աշխատանքներ եւ ստեղծագործություններ։ Ստեղծվել էր մի միջավայր, ուր երեխաները օրեր շարունակ կարող էին իրենց հասակակիցների հետ մասնակից լինել ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումներին։
Հունիսի 8-18-ը փառատոնի թիմը շրջագայել է ամբողջ Հայաստանով և Արցախով՝ երեխաների հետ և երեխաների միջոցով վառելու մարդկանց մեջ հույսի, հավատի, սիրո և միասնության ջահը:
Այս յուրահատուկ ապաքաղաքական կրակարշավը նպատակ ուներ նաև բացահայտելու մեր երկրի, իսկ հետագայում նաև սփյուռքի տաղանդավոր հայերին և դրդել բոլորին երազել ու միասնաբար հասնել թե՛ անձնական, թե՛ համընդհանուր երազանքների ու նպատակների:
Փառատոնի թիմը գոհ է մարզային այցելություններից, քանի որ մարզերում հասցրել է բացահայտել բազում տաղանդների։ Յուրաքանչյուր մարզում կազմակերպվել են համերգներ ու ինքնատիպ միջոցառումներ, որոնք ոչ միայն ակտիվացրել են մարզային առօրյան, այլև հնարավորություն են ընձեռել մարզերի երեխաներին հավատալ իրենց երազանքներին ու աշխատել դրանք իրականություն դարձնել։
Ի դեպ, նշենք, որ ամփոփիչ երեկոյի ընթացքում աշխարհահռչակ կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանը և դերասանուհի Ալլա Սահակյանը հայտարարեցին «Singer Armenia» նախագծի մեկնարկի մասին: Նախագծին մասնակցելու են «Հայը կա» նախաձեռնության Կրակարշավի արդյունքում մարզերում հայտնաբերված տաղանդավոր երեխաները, ինչպես նաև նոր մասնակիցներ: Երեխաների հետ աշխատելու են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր անելու են ամեն ինչ, որպեսզի երեխաները նվաճեն մեծ բեմեր և իրենց գործունեությամբ հավաստեն, որ հայը կա և շարունակում է հաղթանակներ գրանցել։
Հավելենք, որ փառատոնով նախագծի աշխատանքները չեն սահմանափակվում։ Bigidream.com կայքում նախագծի թիմը հավաքել է Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում բնակվող տարբեր երեխաների երազանքները, որոնք տեսանյութերի տեսքով ներկայացված են հանրությանը։ Յուրաքանչյուր մարդ կայքի միջոցով կարող է իրականացնել ցանկացած փոքրիկի երազանքն ու երջանկանալ՝ երջանկացնելով։




Comments