top of page

BBC-ի անդրադարձը՝ Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծմանը

Oct 9, 2020
1 min read

Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի պատմական տաճարը գնդակոծվել է վիճելի տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում, գրում է բրիտանական BBC գործակալությունը:

     Լուսանկարներից երևում է, որ Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ տաճարը վնասվել է ինչպես դրսից, այնպես էլ ներսից։

     Սեպտեմբերի 27-ին բռնկած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 300 մարդ, և հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։

     ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջազգային դիտորդները սկսել են ջանքեր գործադրել, որպեսզի փորձեն կանգնեցնել բռնությունը:

     Հինգշաբթի օրը նրանք Ժնևում կհանդիպեն Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Երկուշաբթի Հայաստանի արտգործնախարարը պետք է հանդիպի իր ռուս գործընկերոջ հետ Մոսկվայում։

     Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը, որը Հայ Առաքելական եկեղեցու համար նշանակալի վայր է, լուրջ վնասվել է, դեպքի վայրից հայտնել են արտասահմանյան լրագրողները:

     Տանիքի մի մասը փլուզվել է, նստարանները շրջվել են, իսկ ներսում ամեն ինչ ծածկված է եղել շենքի փլուզված պատերից առաջացած փոշով:

     Տեղի բնակիչ Սիմոնը AFP գործակալությանը ասել է. «Այստեղ ռազմավարական ոչինչ չկա, ինչպե՞ս կարելի է հարձակվել եկեղեցու վրա։ Սա շատ կարևոր տաճար է հայերի համար։ Աստված կդատի նրանց»։

     ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «թշնամի Ադրբեջանին» մեղադրել է տաճարի վրա հարձակվելու մեջ:

     Իրանը, որը սահմանակից է Հայաստանին և Ադրբեջանին, նախազգուշացրել է, որ ռազմական գործողությունները կարող են վերաճել «տարածաշրջանային պատերազմի»:

     «Մենք հույս ունենք խաղաղ ճանապարհով վերականգնել տարածաշրջանի կայունությունը»,- ասել է Ռոհանին:

     Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտն արդեն մի քանի օր է գնդակոծության է ենթարկվում։ Բնակիչները թաքնվում են նկուղներում, և քաղաքի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության, ամփոփում է BBC-ն։



 
 
 

Comments


bottom of page