Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել.ԱԺ հայտարարություն

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում: Այն սկսել է հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Հիմնական զեկուցող Արարատ Միրզոյանը նախ ասել է, որ իր հրապարակած հայտարարությունը ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հեղինակել են ԱԺ երեք խմբակցություններ։ Այն հեղինակված է իր, Լիլիթ Մակունցի, Արման Աբովյանի և Էդմոն Մարուքյանի ստորագրություններով: Ասել է, որ այն կարող է ստորագրված համարվել բոլոր պատգամավորների անունից: «ՀՀ ԱԺ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկած և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսին 2020-ի հուլիսին Տավուշում, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է Արցախի և Հայաստանի գոյությանը, ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը»,- հայտարարել է Միրզոյանը: Հայտարարությունում նաև ասվում է, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի ագրեսիան, այլև Թուրքիայի նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը: Նշվում է, որ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որը պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: «Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահմանագծել մարդասիրության ու մարդատյացության միջև: ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ միաժամանակ լինելով ԱՀ անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունն ու ինքնորոշման կամարտահայտությունը»,- ասված է հայտարարության մեջ:




Comments