Իշխանության կողմից չհնչեց համախմբման, հանդուրժողականության կոչ. Աստղիկ Ավետիսյան

Խոսելով այս օրերին հնչած կոչերի մասին, Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն ասել է . «Իշխանության կողմից չհնչեց համախմբման, հանդուրժողականության կոչ: Ինչ էլ հնչեց, ընդգծվեց նախկինների նկատմամբ բացասական վերաբերմունքի արտացոլմամբ, ինչը չէր կարող մոբիլիզացնել ուժերը: Մանիպուլիացիոն բոլոր գործիքներն օգտագործվեցին, պախարակման բոլոր միջոցներն օգտագործվեցին, այն պահին, երբ պետք էր լռել՝ անիմաստ ելույթներ եղան, այն պահին, երբ պետք էր խոսել՝ լռեցին և խուճապի մատնեցին հասարակությանը, իսկ հասարակությունը իրավունք ուներ տեղեկացվելու:
Հասարակության տարբեր շերտեր տարբեր մտածողություն և արժեքներ ունեն, սոցիալական մեդիան տվեց խոսքի առավել ազատություն և ով կարողանում է այս իրավիճակի հետ կապված իր կարծիքն է հայտնում: Քննադատում է, բռնանում է ուրիշի կարծիքի վրա, ամոթանք տալիս, վարկաբեկում, շատ էին ապատեղեկատվություն տարածողները, շատ էին կեղծ օգտատերերը, յուրաքանչյուրն իր գործառույթն էր իրականացնում, բայց եթե իշխանությունը ցանկանար, ապա երկուսուկես տարվա ընթացքում կարող էր համախմբել, դաստիարակել, հասարակությանը, որովհետև ուներ հասարակության լիակատար վստահությունը: Այս տարիների ընթացքում մսխվեց այդ վստահությունը, բազմաթիվ կարևոր պաշտոններ չունեն կառավարիչներ, մեկ տարվա ընթացքում կարևորագույն կառույցի ղեկավարը մի քանի անգամ փոխվել է: Սա նշանակում է, որ ներքին հաղորդակցությունն էլ չի կայացել: Երկրի կառավարման գործընթացը, որը ևս հանրույթի հետ հարաբերություններից է բխում՝ ուղղահայաց է եղել, ոչ հորիզոնական, այլապես այսքան ակնառու չէր երևա ՀՀ վարչապետ- ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ- ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ վարչապետ- Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ՀՀ վարչապետ- ՀՀ ոստիկանապետ….. չկայացած համագործակցությունը»:
https://armdaily.am/?p=115079&l=am&fbclid=IwAR0AcVlXdMOewYjpAbpZjisgCpPOz0Qz653jqagkoCIvmQuuOTDWuwzoLI8




Comments