Մասնագետները նախընտրում են լռել՝ խուսափելով ատելության մեծ չափաբաժնից. Աստղիկ Ավետիսյան

Սոցիալական մեդիայի միջազգային օրը Հայկական Փի Ար ասոցիացիան կազմակերպել էր առցանց- քննարկում «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում» թեմայով:
Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը կարևորելով թեմայի արդիականությունը և մասնագիտական հանրույթի մասնակցությունը քննարկմանը նշեց.
Սոցիալական մեդիայի համաշխարհային օրը մենք քննարկում ենք ոչ թե սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները, որպես հաղորդակցության կարևոր գործիք, այլև մի իրավիճակ, որտեղ ատելությունը հասնում է ահռելի չափերի և դառնում վտանգավոր հանույթի համար:
Մենք ենք ընտրում, թե ինչպես օգտվենք տվյալ գործիքի հնարավորություններից և ինչպես օգտագործենք այն, որպեսզի մեր ուղերձը, մասնագիտական կարծիքը, նախաձեռնությունները հասանելի դարձնենք մեծ լսարանին։
Սոցիալական ցանցերը փոխեցին մեր կյանքը, սոցիալական մեդիան դարձավ մեր կյանքի անբաժան մասը, հանրության հետ շփման լավագույն գործիքը, քանի որ տալիս է լայն հնարավորություններ և շատ անմիջական է։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ քաղաքական գործիչները, պետական կառավարման համակարգի, հասարակական կառույցների ներկայացուցիչները, հանրային դեմքերը լայնորեն կիրառում են սոցիալական ցանցերը՝ օգտագործելով ուղիղ եթերի հնարավորությունը, ուղերձների պատկերային տարածումը, թվային պատկերների վիզուալացումը, կերպարի առաջխաղացման գործիքները, լսարանի թիրախավորումը և բազմաթիվ այլ գործիքներ: Սոցիալական ցանցերն անխնա սկսեցին օգտագործել մարդիկ, ովքեր գրում էին ամեն ինչի մասին, կարծիք ունեին բոլոր ոլորտների մասին, մեկնաբանում էին այնպիսի թեմաներ, որոնց մասին բացարձակ գաղափար չունեն և, քանի որ, գաղափար չունեն, բնականաբար, առաջնային տեղեկատվության ընկալումը դարձավ երկրորդային: Սոցիալական ցանցերից շատ շուտով այդ մեկնաբանությունները տեղափոխվեցին լրատվական կայքեր։ Օրեցօր ավելի են շատանում վիրավորական և ոչ կոռեկտ մեկնաբանությունները, անպարկեշտ և հայհոյախառը բառամթերքը։ Արդյոք սա միայն ֆեյքերի բանակի ձեռքի գործն է՝ իհարկե ոչ։ Որոշ կայքեր այդ հարթակն ի սպառ փակել են, որոշները մաքրում են անպարկեշտ արտահայտությունները, բայց կան նաև այնպիսիք, որոնք, կարծես թե, այդ մեկնաբանությունների շնորհիվ ավելացնում են իրենց դիտողականությունը։ Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ արձանագրել ենք, որ հիմնականում խոշոր պարբերականների կայքէջերում ի սպառ բացակայում է մեկնաբանությունների դաշտը։ Իսկ սոցիալական ցանցերում ավտոմատացված համակարգերի կողմից վերահսկելով մեկնաբանությունները, բացառում են գռեհկաբանությունը։
Սա խնդիր է նաև մասնագիտական խոսքի արտահայտման տեսանկյունից. այսօր շատ մասնագետներ, տարբեր ոլորտների գիտակներ նախընտրում են լռել՝ խուսափելով ատելության մեծ չափաբաժնից։ Հենց այս պատճառով էլ, մենք կանգնած ենք հաղորդակցության ճգնաժամի առջև։ Անկախ քաղաքական հայացքներից և մոտեցումներից՝ առցանց մամուլում և սոցիալական մեդիայում ատելությունը, հայհոյաբանությունը չպետք է դառնա սովորական երևույթ։
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, հանրային կապերի, հաղորդակցության մասնագետներն այսօր անելիք ունեն: Մենք կարող ենք թույլ չտալ հայհոյանքի, վիրավորանքի տարածումը՝ նպաստելով մասնագիտական խոսքի տարածմանը, ձևավորելով առողջ բանավեճի և խոսույթի մշակույթ»։




Comments