Արքայազն Հարին նախադպրոցական սաների հետ արքայադուստր Դիանայի պատվին անմոռուկներ է տնկել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, Ուելսի արքայադուստր Դիանայի մահվան տարելիցի կապակցությամբ այցելել են Լոս Անջելեսի նախադպրոցական կենտրոն (Assistance League of Los Angeles): Սասեքսի դուքսն ու դքսուհին երեխաներին օգնել են անմոռուկներ տնկել, որն արքայադուստր Դիանայի սիրելի ծաղիկներից մեկն էր, գրում է Mirror-ը։ Թագավորական զույգն աշակերտների հետ տնկել է ոչ միայն անմոռուկներ, այլև ծխածաղիկներ, դաշտային ծաղիկներ, ոլոռ: Նրանք նաև օգնել են երեխաներին թարմացնել տեղի բանջարանոցը՝ տնկելով լոլիկ և դդմիկ։
Օգոստոսի 31-ի այցելության լուսանկարները հրապարակվել են դպրոցի պաշտոնական ինստագրամյան էջում։
Նշենք, որ կազմակերպությունը բարեգործության և ուսուցման զանազան ծրագրերի միջոցով օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքների երեխաներին։
Հիշեցնենք, որ արքայադուստր Դիանան ավտովթարի զոհ է դարձել 1997 թվականի օգոստոսի 31-ին՝ Փարիզում։





Comments