top of page

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Aug 22, 2020
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։

Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին՝ արվեստի այս գոհարը փրկելու հանձնառության և գործն ավարտին հասցնելու համար:


Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը:


Նախագահ Սարգսյանը կարևորել է որմնանկարի պահպանությունը և նշել. «Այնքան գեղեցիկ է, որ նույնիսկ սովորական կիրակի օրվա պատարագի համար Երևանից կգաս կհասնես այստեղ։ Այստեղի պատարագը հատուկ, խորհրդավոր իմաստ ուներ, ունի և կունենա: Շնորհավորում եմ բոլորիս ...Այստեղ միանգամից մի քանի բան կա՝ Աստծո խոսքն ու հոգին, մեր մշակույթը, մեր գրականությունը, թարգմանչաց արվեստը, գեղանկարչական արվեստը: Սա շատ յուրօրինակ տեղ է: Գուցե սա օրինակ դառնա, որ Հայաստանում սկսենք վերականգնել որմնանկարները, որովհետև այս որակը, այս գույները, այս հագեցվածությունը ուրիշ տեղ չես տեսնի: Բոլորիդ շնորհակալ եմ»:

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ծաղիկներ են դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, այնուհետև այցելել դպրատուն, շրջել թանգարանում, տառերի պուրակում, տեսել նաև 443 թվականին իշխան Վահան Ամատունու կողմից կառուցված եկեղեցու հիմքերը, որոնք պահվում են ապակու տակ։ 

 
 
 

Comments


bottom of page