«Ազգային միասնությունը միայն բանակը չէ,այլ նաև դասագիրքը»․Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ:
Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է պարզ մարդկային զրույց՝ լսելու անկաշկանդ ու ոչ պաշտոնական կարծիքներ․ «Եթե մտքեր կամ խորհուրդներ ունեք, ուրախ կլինեմ լսել,-ասել է նախագահը։- Ինձ շատ բաներ են անհանգստացնում։ Օրինակ, մտավորականության մասնակցությամբ հանրային քննարկումների պակասը»,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։ Նախագահը նշել է, որ «Հանրային, ազատ մտածող մարդկանց քննարկումների բացակայություն կա, մարդկանց, որոնք ոչ միայն ի պաշտոնե են ազատ, այլ նաև ոգով Կարևորելով նման հանդիպումները' Հանրապետության նախագահի հյուրերը՝ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, նկարիչ Սամվել Սևադան, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, լրագրող Էդիկ Անդրեասյանը, գրող, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, բարձրացրել են մտահոգող մի շարք հարցեր, ներկայացրել իրենց տեսակետները: Արձանագրելով, որ աշխարհն ապրում է անհանգիստ և փորձությունների ժամանակներ, որպես մարտահրավերներին դիմակայելու և հաղթահարելու կարևոր նախապայմաններ նշվել են ազգային համաձայնությունն ու միասնականությունը, որի առանցքը կարող են լինել առաջին հերթին բանակը և մշակույթը: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայ պարկի ծրագրին։ «Ազգային միասնության սիմվոլներ պետք է ստեղծենք։ Հայ պարկը հենց նման գաղափար ունի,-ասել է նախագահը։- Ծիծեռնակաբերդի տարածքում պետք է կառուցենք այգի՝ որպես համազգային միասնության ծրագիր։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև հայոց լեզվի խնդրին, կարևորել պետական ուշադրությունը և հոգածությունը լեզվի նկատմամբ, լեզվի անաղարտությունը պահպանելը, գրագետ խոսելն ու գրելը: Նախագահ Սարգսյանը շեշտել է նաև արևմտահայերենի պահպանության առաջնահերթությունը, ինչպես նաև բարբառների կարևորությունը՝ նշելով, որ դրանք մեր լեզվի հարստությունն են: Լինելով աշխարհին ծանոթ՝ մենք պետք է ստեղծենք մերը, և պետք է ձգտենք, որ մերը լինի լավագույններից մեկը։ Պետք է շատ զգույշ վերաբերվենք մշակութային, պատմական արժեքներին։ Հայաստանը մեկուսացած չէ: Մենք խաչմերուկում ենք, և այստեղ է, որ մտքերը, գաղափարները և մեր արժեքները կարևոր են: Կարևոր է՝ գիտակցենք, թե մենք ով ենք և ինքներս մեզ գնահատենք: Եվ սա ազգային մեծամտություն չէ»:




Comments