ԱՀ նախագահի մոտ քննարկվել են բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու հետպատերազմյան ժամանակահատվածի սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: «Որոշում ենք կայացրել. Ա) Առաջիկա մեկ տարում բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ: Բ) Այն կարիքավոր ընտանիքներին, որոնց նվազագույն եկամուտը մեկ շնչի հաշվով քիչ է 60 հազար ՀՀ դրամից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն: Գ) Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Դ) Պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին: Հանձնարարել եմ նաև կարճ ժամանակահատվածում լուծել ենթակառուցվածքային բոլոր խնդիրները»,- տեղեկացրել է ԱՀ նախագահը:





Comments