top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախի գանձերից մեկը՝ Դադիվանք

Կան վայրեր, որոնք գրավիչ և հետաքրքիր լինելուց բացի, առանձնահատուկ ազդեցություն ունեն, և՛ գրավում են, և՛ վախեցնում, ո՛չ լինում է գնալ, ո՛չ էլ այնտեղ երկար մնալ: Արցախի Դադիվանքը հենց այդպիսին է:

Արցախի ամենահիասքանչ հուշարձաններից մեկը` Դադիվանքի վանական համալիրը, ոչ միայն աննկարագրելի տպավորություն է գործում այցելուների վրա, այլև հիացնում է, գերում, կերպարանափոխում մարդուն։ Դադիվանք,հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։

Ըստ հին ավանդության. «Դադին մեկն էր այն 70 մարդկանցից, ովքեր սուրբ Թադևոսի հրամանով գնացել էին Մեծ Հայքի հյուսիսային շրջաններ: Աբգարի ձեռքով սպանվելուց հետո նրան թաղեցին Փոքր Սյունիքում, որտեղ էլ հետագայում վանք կառուցեցին ու անունը նրան պատվին Դադի դրեցին»: Այսպես է գրում միջնադարյան պատմիչ Միքայել Ասորին: Դադին մահացել է 1-ին դարի երկրորդ կեսին, ճիշտ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը նոր էր սկսում տարածվել: Վանական համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, իսկ 5-րդ դարում'դարձել եպիսկոպոսի նստավայր:





Ավանդույթի համաձայն' քարե «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից: Ստացվել է նոր նուրբ գործվածք, որն այս անգամ քարից, որ ի տարբերություն սովորական խաչքարերի, չի կտրվում: Իշխանուհին Դադիվանքին միայն ժանյակներ ու խաչքարեր չի տվել: Ահա թե ինչ է գրված ճարտարապետական համալիրի կենտրոնի՝ Արզու Խաթուն տաճարի պատին (1214թ.), «Ամենակարող հայր Աստծո ու նրա Միածին որդու՝ Հիսուս Քրիստոսի օգնությամբ ու Սուրբ հոգու ընծայի շնորհիվ՝ ես՝ Քրիստոսի խոնարհ ծառա Արզու Խաթունս՝ մեծն իշխանաց իշխան Քուրդի դուստրն ու Հաթերքի տիրակալի ու ամբողջ Վերին Խաչենի տոհմի հիմնադիր Վախթանգի կինը, մեծ գորովանքով կառուցեցի սուրբ տաճարն այս' ամուսնուս ու որդիներիս գերեզմանին»:

Վանքում 13-րդ դարն առաջին դարից մի քանի քայլով է բաժանված: Հատակարանի ծածկը, որի տակ Դադիի գերեզմանն է, քանդվել է, պատերն էլ ավելի շատ ցանկապատի են նման: Մեջտեղում՝ նոր ու նախանձելիորեն ուղիղ շարված քարերի վրա, վեր է խոյանում տապանաքարը. պարզ, կոպիտ տաշված քարի սալ՝ փորագրված խաչերով. դա նույնպես խաչքար է: Քարից ժանյակներ հյուսելու համար 13 դար պահանջվեց… Գրիգոր եպիսկոպոսի գավիթ-մատուռը ինչպես խոնավ էր կառուցման պահին 13-րդ դարում, այդպես էլ մնացել է:

Ընդհանրապես, 13-րդ դարը վանքի համար ծաղկուն ժամանակաշրջան էր. Դադիվանքն ուներ այգիներ, արոտավայրեր, գյուղեր, գործում էին հյուրատներ, արհեստանոցներ ու գրապահոցներ: Ասում են, քանիցս հայտնաբերել են պատերի մեջ դրված կժերում եպիսկոպոսների թաքցրած ոսկիները: Այստեղ էլ, ըստ երևույթին, մարդիկ միայն հավատքի համար չէ, որ զոհվել են…

Փոքր բլրով իջնելով ներքև անցնում ենք դատարկ վանական խցերի կողքով: Յուրաքանչյուր վանքի ամենահետաքրքիր շինությունները տնտեսական մասերն են: Հայտնվելով մի մութ փոսի մեջ տեսնում ենք մեր առջև պատ՝ վրան փոքր քարեր: Պատի խորհուրդը հետևյալն է՝ ցանկություն ես պահում ու քարն ամուր սեղմում պատին, եթե կպավ' կկատարվի:


Հարևան կացարանում վերանորոգումից առաջ առաստաղից կավե խողովակ է դուրս գալիս: Այժմ այն չկա, սակայն պահպանվել է նրա տակ գտնվող մեծ ավազանը, որից մի քանի խողովակ է դուրս գալիս ու հասնում հողի մեջ թաղված 3 կարասին: Առաստաղից կախված խողովակը լեռնային արոտավայրերից էր իջնում, որտեղ կովերին կթում էին, կաթը խողովակի միջով հասցնում այնտեղ:

Մյուս սենյակը մրի մեջ կորած է: Գմբեթը հենված է չորս սյուների վրա, որոնց հիմքում անցքեր են արված: Տեղացիներիի համոզմամբ մարդկանց էին կապում: Այստեղ տարօրինակ բաներ են պատմում, իբր հարևան գյուղի բնակիչներին առևանգում էին, բերում վանք, տանջում ու նույնիսկ սպանում: Մի կարևոր մանրուք կա, սակայն: Ժողովուրդը Դադիվանքը արտաբերել է իբրև Դատիվանք: Այս կերպ վանքի անունն այլ նշանակություն է ստանում, բայց նշենք, որ Դատիվանքն աստծո դատի հետ կապ չունի: Գուցե պատահականություն է մեկ տառի տարբերությամբ: Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական հուշարձանների մասին խորհրդային տարիներին հրատարակված մի գրքում կա այն,ինչը կապ ունի Դադիվանքի «արյունոտ» առեղծվածի հետ: 17-րդ դարում վանքը սկսեց իր հողերը կորցնել: 19-րդ դարի կեսերին այստեղ եկավ արքեպիսկոպոս Սարգիս Ջալալյանցն ու տեսավ, որ հին սրբավայրերում կենդանիներ են արածացնում: Դադիվանքը վերածվել էր Արցախն ասպատակող ավազակների թաքստոցի: Գուցե հենց այդ Դադիվանք անվանման մեջ մի տառը փոխարինեց մյուսին:

Աննկարագրելի գեղեցկություն ունեցող վանական համալիր է Դադիվանքը։ Դադիվանքն իր գմբեթներով գերում է միանգամից…


0 comments

Comentários


bottom of page